3 րոպեի ընթերցում
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը սեպտեմբերի 1-ի երեկոյան եռօրյա այցով ժամանել է Եգիպտոս՝ ամրապնդելու տնտեսական և դիվանագիտական երկկողմ կապերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
Սի Ծինփինի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի միջև հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 2-ին։ Բացի այդ, նախատեսվում է Սիի այցելությունը Գիզայի բուրգերի մոտ գտնվող Մեծ Եգիպտական թանգարան:
Սա Չինաստանի նախագահի առաջին այցն է Եգիպտոս մեկ տասնամյակի ընթացքում և առաջին այցը տարածաշրջան 2022 թվականին Սաուդյան Արաբիա այցելելուց հետո։ Աս-Սիսին վերջին տարիներին մի քանի անգամ այցելել է Չինաստան։
Առաջնորդները նշել են դիվանագիտական հարաբերությունների 70-ամյակը՝ սեպտեմբերի 1-ին Եգիպտոսի պետական թերթերում հրապարակելով բարեկամական հոդվածներ։
Գործակալությունը նշում է, որ Սի Ծինփինի և Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի միջև հանդիպումը խորը ենթատեքստ ունի. Չինաստանը՝ Միացյալ Նահանգների գլխավոր համաշխարհային մրցակիցը, զարգացնում է հարաբերությունները Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցներից մեկի հետ՝ միաժամանակ ձգտելով ընդլայնել իր ազդեցությունն արագ փոփոխվող տարածաշրջանում։
2023 թվականին Եգիպտոսին հրավիրեցին միանալ ԲՐԻԿՍ-ի երկրների դաշինքին, որը խոշոր զարգացող տնտեսությունների խումբ է, որի կազմում ընդգրկված են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան։ Այն համարվում է Արևմուտքի կողմից ղեկավարվող հաստատությունների, այդ թվում՝ Մեծ յոթնյակի հակակշիռ։
2024 թվականին Եգիպտոսը համաձայնագրեր ստորագրեց Չինաստանի հետ՝ համագործակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շուրջ, որի նպատակն է կառուցել էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներ ամբողջ աշխարհում։
Չինաստանը Եգիպտոսում ներդրել է ավելի քան 10 միլիարդ դոլար՝ մայրաքաղաք Կահիրեից արևելք կառուցելով բիզնես կենտրոն և Նեղոսի դելտայում՝ արդյունաբերության համար էլեկտրական երկաթուղի։ Պաշտոնական տվյալներով՝ երկու երկրների միջև տարեկան առևտուրը գնահատվում է 20 միլիարդ դոլար։
Միևնույն ժամանակ, ըստ գործակալության, ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջև առևտուրը 2025 թվականին կազմել է 15,7 միլիարդ դոլար։ Եգիպտոսը կարևոր գործընկեր է տարածաշրջանում ԱՄՆ ազգային անվտանգության առաջնահերթությունների առումով։