Իրան

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ հարձակումը Լարակ կղզու վրա

3 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ հարձակումը Լարակ կղզու վրա

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Լարակ կղզու վրա ԱՄՆ ռազմական հարձակումը՝ դա որակելով որպես ՄԱԿ-ի կանոնադրության խախտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 30-ի երեկոյան հարձակմամբ ԱՄՆ զինված ուժերը կրկին խախտել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որի հետևանքով մի քանի զինվորական ու քաղաքացիական անձ է զոհվել ու վիրավորվել, ինչպես նաև վնասել է պետական ​​և մասնավոր սեփականություն։

Հայտարարության մեջ նշվել է, որ ի պատասխան դրա՝ Իրանի զինված ուժերն ավերիչ պաշտպանական հարվածներ են հասցրել Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին, որոնք «ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ագրեսիայի աղբյուրն ու աջակիցն էին»։

«Տարածաշրջանում նավագնացության ուղիներն անվտանգ չդարձնող միակ գործոնը Միացյալ Նահանգների և սիոնիստական ​​կազմավորման անօրինական և ագրեսիվ գործողություններն են, որոնք սկսվել են փետրվարի 28-ին Իրանի վրա հարձակումից և շարունակվել են վեց ամվա ընթացքում տարբեր ձևերով, այդ թվում՝ ծովային շրջափակմամբ և այլ սադրիչ ու միջամտողական միջոցառումներով», - նշված է հայտարարության մեջ։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ղրղզստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության 26-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Թեհրանից մեկնելուց առաջ հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի փնտրում, սակայն «երբեք անգործ չի նստի» ագրեսիայի դեպքում և վճռական պատասխան կտա ցանկացած ագրեսորի։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) իր հերթին հայտարարել է, որ «ամերիկա-սիոնիստական ​​թշնամու» ագրեսիայի ակտը ծնվել է «հուսահատությունից»՝ վերականգնելու իր «չարագործ դերը» և տարածաշրջանային պետությունների շրջանում նվազող հեղինակությունը։ ԻՀՊԿ–ն հավելել է, որ ագրեսորը կպատժվի։

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ԻՀՊԿ-ն պատրաստվում էր ծովային ականներով հրթիռներ արձակել դեպի Հորմուզի նեղուց, և ամերիկյան ուժերը «սահմանափակ և ճշգրիտ գործողություն» են իրականացրել Հորմուզի նեղուցում ականներ տեղադրող ուժերի դեմ՝ թիրախավորելով հրթիռների արձակման կայանքներ։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել Հորդանանում ամերիկյան երկու ռազմաբազայի ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում