Նորատուսում անցկացվել է նոր ուսումնական տարվան նվիրված օգոստոսյան ընդլայնված խորհրդակցություն
3 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում անցկացվել է նոր ուսումնական տարվան նվիրված ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններ ու վարչատնտեսական մասի համակարգողներ, ինչպես նաև նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի կրթության ոլորտի պատասխանատուներ։
Մինչ խորհրդակցության մեկնարկը տեղի է ունեցել կրթական էքսպո, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում մշակված «Ամենահետաքրքիր խմբակ», «Ամենահետաքրքիր նախագծային աշխատանք», «Նորարարական դասի լավագույն գաղափար», «Աշակերտական խորհրդի լավագույն նախաձեռնություն», «Արժեքային կրթությանն ուղղված լավագույն փորձ» ուղղություններով դպրոցականների կողմից պատրաստած նորարարական նախագծերին։ Դրանք ներկայացրել են Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ, Գավառի թիվ 3 և թիվ 5 հիմնական, Նորատուսի թիվ 1 միջնակարգ, Սևանի թիվ 1 հիմնական, Մարտունու Ս. Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական, Լիճքի միջնակարգ, Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ, Վարդենիսի թիվ 3 հիմնական և Դպրաբակի միջնակարգ դպրոցները։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախարարության շնորհակալագրերով խրախուսել է ՀՀ Գեղարքունիքի մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններից ««Տարվա լավագույնները» 2025-2026» մրցույթի արդյունքում ընտրված և հաղթող ճանաչված տնօրեններին և ուսուցիչներին։
Արաքսիա Սվաջյանը խոսել է նոր ուսումնական տարվան ընդառաջ կազմակերպվող աշխատանքների մասին, որոնք հիմնականում բխում են կրթական նոր չափորոշիչների պահանջներից, մանրամասնել ուսումնական տարվա ընթացքում կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը վերաբերող թեմաները, անդրադարձել նախորդ ուսումնական տարվա ընթացքում գրանցված առաջընթացին և ձեռքբերումներին, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում ներդրվող բարեփոխումներին, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքին, ոլորտին առնչվող տարաբնույթ թեմաների։
Արաքսիա Սվաջյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին։