1 րոպեի ընթերցում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառման շրջանակում նմուշառում են իրականացրել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող՝ «Գոռմուշ» ՍՊ ընկերությանը պատկանող «Մուշ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակի նմուշը «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «խմորասնկեր/բորբոսասնկեր (գումարային)» ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակի արտադրությունը։ Միաժամանակ սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։
Տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումների շրջանակում շարունակում է հետևել սահմանված պահանջների կատարմանը։