Մշակույթ

Դեբեդում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային կինոփառատոնը

3 րոպեի ընթերցում

Դեբեդում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային կինոփառատոնը

Հայաստանի Լոռու մարզի Դեբեդ գյուղում 2026 թվականի սեպտեմբերի 5-ից 12-ը տեղի կունենա «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային կինոփառատոնը, որի նախաձեռնողն է «Ֆիլմադարան» ՀԿ-ն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել «Ֆիլմադարան» հասարակական կազմակերպությունը։

Նշվում է, որ Դեբեդ գյուղն այդ օրերին կդառնա լավագույն վավերագրական ֆիլմերի ցուցադրման կիզակետ։ Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

«Ծիրանի ծառ» փառատոնի նպատակն է ապակենտրոնացնել մշակութային կյանքը, վավերագրական կինոն մոտեցնել մարզային համայնքներին և ստեղծել անմիջական, ազատ և ստեղծագործական երկխոսության հարթակ տեղացի և արտասահմանցի արվեստագետների համար։ Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է։

Սեպտեմբերի 5-ին՝ «Դեբատուն» հյուրատանը փառատոնի հանդիսավոր բացումը կամփոփվի վավերագրական կինոյի դասական ռեժիսոր Հերց Ֆրանկի «Տասը րոպեով մեծ» լեգենդար կարճամետրաժ ֆիլմի (1978) ցուցադրությամբ, իսկ մինչ այդ կլինի տեղական համույթների համերգ և «Այրոգի» ստվերների թատրոնի ներկայացում։

Այս տարի Լիամետրաժ և Կարճամետրաժ մրցութային ծրագրերում ընդգրկված է 21 ֆիլմ՝ 20 երկրից, իսկ արտամրցութային ծրագրում՝ 10 ֆիլմ։ Ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան ամեն օր՝ բացօթյա ձևաչափով, «Դեբատուն» հյուրատան այգում։

Գյուղի երեխաների համար կանցկացվի արդեն ավանդական դարձած կինոդպրոցը (29.08-12.09.2026), որն այս տարի, ինչպես և 2025-ին, կվարի իտալուհի ռեժիսոր և մանկավարժ Մարթա Վիոլանտեն։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ։ Կինոդպրոցի արդյունքում ստեղծված ֆիլմերը կցուցադրվեն փառատոնի փակման արարողությանը՝ սեպտեմբերի 12-ին, ինչից հետո հասանելի կլինեն «Ֆիլմադարան»-ի յութուբյան էջում։

Հայաստանից, Վրաստանից և Իրանից սկսնակ ռեժիսորների համար կկազմակերպվի հատուկ աշխատարան, որը կվարեն պորտուգալացի ռեժիսորներ Դանիել Բարոկան և Կատարինա Լարանժեյրոն։ Աշխատարանը, որը կտևի սեպտեմբերի 4-12-ը, կեզրափակվի Դեբեդում վավերագրական ֆիլմի ստեղծմամբ, որը ևս կցուցադրվի փակման արարողությանը և այնուհետ հասանելի կլինի առցանց։

Այս տարի փառատոնի ժյուրիի կազմում են իրանցի հանրահայտ կինովավերագրող Ֆարհադ Վարահրամը, նիդերլանդցի կինոմոնտաժող, պրոդյուսեր ու հետարտադրական աշխատանքների մասնագետ Բարտ վան դեն Բրուկը և հայ կինոռեժիսոր Արման Երիցյանը։

Փառատոնի հյուրերն ու մասնակիցները հնարավորություն կունենան էքսկուրսիաների միջոցով բացահայտելու Լոռու մարզի պատմամշակութային հարուստ ժառանգությունը՝ այցելելով Սանահին, Հաղպատ, Ախթալա և պատմական այլ հուշարձաններ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում