Պուտինը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը
3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին: Կողմերը նշել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զգալի աճի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ռուսական պետական գործակալությունները:
ՌԴ նախագահը դրական է գնահատել այս տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը՝ նշելով, որ քննարկման հարցերից են ոչ միայն էներգետիկան, այլև պարարտանյութերի մատակարարումը:
Նա պատրաստակամություն է հայտնել մեծացնելու պարարտանյութերի մատակարարումը Հնդկաստան: Պուտինը նշել է, որ կողմերը շարունակում են փոխգործակցությունը բոլոր ուղղություններում՝ ոչ միայն տնտեսության, այլև՝ կառավարական և խորհրդարանական:
Ջայշանկարն, իր հերթին, առաջարկել է քննարկել միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը։ Նա նաև Պուտինին փոխանցել է վարչապետ Նարենդրա Մոդիի ողջույնները և ուղերձը։
«Հուսով եմ շուտով հանդիպել նրա հետ, ինչպես մենք պլանավորել էինք, Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում», - Ռուսաստանի նախագահի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Պուտինը չի բացառել, որ կարող է Մոդիի հետ հանդիպել նաև այս տարի՝ ՇՀԿ-ի շրջանակներից դուրս:
Ջայշանկարն իր հերթին նշել է Հնդկաստանի և Ռուսաստանի միջև ամուր գործակցության մասին: Նրա խոսքով՝ երկու երկրների տնտեսական համագործակցությունը զգալիորեն աճել է:
«Մենք իսկապես ուժեղ, ամուր երկկողմ համագործակցություն ունենք», - Հնդկաստանի բարձրաստիճան դիվանագետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
«Վարչապետ Նարենդրա Մոդին անհամբեր սպասում է Ձեզ հետ հանդիպմանը ՇՀԿ գագաթնաժողովում և նաև հույս ունի, որ Դուք հնարավորություն կունենաք գալ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին (խմբ.՝ տեղի է ունենալու Հնդկաստանում սեպտեմբերի 12-13-ը) և անցկացնել այս ամենամյա գագաթնաժողովը», - ասել է Սուբրամանյամ Ջայշանկարը։
Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարը Ռուսաստանում է երկօրյա պաշտոնական այցով: Նա հանդիպել է ՌԴ առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովի հետ: Նախատեսվում է նաև նրա հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: