Քաղաքականություն

Փաշինյանն անդրադարձել է երեք նախարարությունների անունները փոխելու նախագծին

4 րոպեի ընթերցում

Փաշինյանն անդրադարձել է երեք նախարարությունների անունները փոխելու  նախագծին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստում անդրադարձել է երեք նախարարությունների անվանումների և գործառույթների փոփոխություններին։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել երեք նախարարությունների անվանումը փոխելու նախագծին, որն առաջիկայում քննարկվելու է նաև Ազգային ժողովում։

Մասնավորապես, Կառավարությունն առաջարկում է Արտաքին գործերի նախարարությունը վերանվանել Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առաջարկվում է վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առաջարկվում է վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով  Արտաքին գործերի նախարարության վերանվանմանը՝ Փաշինյանը նշեց, որ Երրորդ հանրապետության գործունեության 85 տոկոսը կապված է եղել հակամարտության կամ հակամարտության օրակարգից բխող գործողությունների և գործունեության հետ։

«Տնտեսական գործունեությունը, միջազգային տնտեսական կապերը պետք է լինեն մեր դեսպանատների և մեր դիվանագիտական ծառայության ամենօրյա աշխատանքային օրակարգում։ Կարծում եմ՝ սա կարևոր հայեցակարգային փոփոխություն է»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանման փոփոխությանը՝ Փաշինյանն ասաց, որ արհեստական բանականությունն արդեն ամենօրյա ռեժիմով մտնում է իրականություն, և անհրաժեշտ է ունենալ այդ իրականության հետ առնչվելու համապատասխան ինստիտուտներ։

«Մեր ընկալումն այն է, որ նախարարությունում կձևավորվի նաև արհեստական բանականության գրասենյակ։ Լավ լուրն այն է, որ արհեստական բանականության ենթակառուցվածքն այլևս մեզ համար նորությունների թողարկման մեջ գտնվող նյութ չէ։ Վերջին մեկ տարվա ընթացքում մենք շատ լուրջ և էական զարգացումներ ենք արձանագրել»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանում այժմ կա երեք սուպերհամակարգչային կենտրոն, որոնցից երկուսը արհեստական բանականության գործարաններ են։

«Արհեստական բանականության ոլորտը Հայաստանում մեծ տեմպերով աճելու է, ինչը նշանակում է, որ մենք էլեկտրական էներգիայի սպառման և արտադրության վերաբերյալ մեր պատկերացումները պետք է վերստուգենք»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերանվանմանը՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում աշխատանքը հաճախ ասոցացվում է չարչարանքի հետ։

«Մենք աշխատանքը պետք է ընկալենք որպես բարեկեցության գործիք։ Հայաստանում բարեկեցության հասնելու մոդելը պետք է լինի կրթությունը, աշխատանքը, մասնագիտական կարողությունների զարգացումը, առողջ ապրելակերպն ու աշխատանքային վաստակը»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ պետության խնդիրն է ապահովել, որ աշխատաշուկայում մարդը լինի առավել մրցունակ։

Փաշինյանը նաև նշեց, որ արհեստական բանականությունը պետք է ոչ թե փոխարինի մարդուն, այլ օգնի նրան ավելի արդյունավետ աշխատել։

«Մենք պետք է ջանք գործադրենք, որ արհեստական բանականությունը մարդուն կյանքից դուրս չթողնի, և սա լրջագույն մարտահրավեր է»,- ասաց նա։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում