Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ առաջիկա օրերին երկիրը կարտաքսի երկու իրանցի դիվանագետի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
Այս որոշումը կայացվել է՝ ի պատասխան Իրանի անվտանգության ծառայության կողմից հուլիսին Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի ձերբակալման և հարցաքննության:
«Ես հայտարարել էի, որ այս անհանդուրժելի գործողությունը հետևանքներ կունենա։ Դա տեղի է ունեցել։ Ֆրանսիայում իրանցի երկու դիվանագետ առաջիկա օրերին կարտաքսվի»,- նշել է Բարոն:
Ավելի վաղ Իրանում երկու ֆրանսիացի դիվանագետ հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»: Ըստ IRNA գործակալության՝ Իրանի ԱԳՆ-ն այս մասին հայտարարել է օգոստոսի 17-ին՝ այն բանից հետո, երբ երկրի Հետախուզության նախարարությունը հաղորդել է, որ երկու ֆրանսիացի դիվանագետ հուլիսին Թեհրանում գաղտնի հանդիպման են մասնակցել օտարերկրյա միջամտության հետ կապված խոշոր գործով կասկածյալների հետ։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ֆրանսիացի դիվանագետների նման գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, մասնավորապես, դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ 1961 թ. Վիեննայի կոնվենցիան։