2026 թվականի առաջին կիսամյակում ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի վերաբերյալ ստացվել է 1375 հաղորդում
2 րոպեի ընթերցում
2026 թվականի առաջին կիսամյակում ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի վերաբերյալ Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է 1375 հաղորդում, որոնցից 325-ով կայացվել է նախազգուշացում, իսկ 961-ով՝ անհետաձգելի միջամտության որոշում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։
Նրա տեղեկացմամբ՝ հաշվառման է վերցվել 1155 բռնություն գործադրած անձ, հաշվառման մեջ է գտնվում 2343-ը։ Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 54-ով կամ 43,5%-ով (124-178): Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունները նվազել են 64-ով կամ 13,1%-ով (488-424):
«Բացահայտվել է դպրոցներում, այլ ուսումնական հաստատություններում և դրանց հարակից տարածքներում անչափահասների կողմից կատարված հանցագործության 72 (74) դեպք, այդ թվում՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 20, ֆիզիկական ներգործության` 40, խուլիգանության՝ 4 և այլ դեպքեր։ Պրոֆիլակտիկ հաշվառման մեջ է գտնվել 225 (167) անչափահաս, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող 10 (20) ծնող կամ օրինական ներկայացուցիչ։ ՆԳՆ կողմից ԿԳՄՍ նախարարություն է ուղարկվել 18 միջնորդագիր»,- նշեց Ցուցուլյանը։