Իրան

Ղալիբաֆը հայտարարել է, որ Հորմուզը փակ կմնա, մինչև ԱՄՆ-ն չկատարի փոխըմբռնման հուշագրի պայմանները

2 րոպեի ընթերցում

Ղալիբաֆը հայտարարել է, որ Հորմուզը փակ կմնա, մինչև ԱՄՆ-ն չկատարի փոխըմբռնման հուշագրի պայմանները

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խորհրդարանի առցանց նիստում վերահաստատել է Հորմուզի նեղուցի վերաբացման համար Իրանի պայմանները՝ նշելով, որ ռազմավարական ջրային ճանապարհը չի վերաբացվի, մինչև Միացյալ Նահանգները չվերացնի իր շրջափակումը և չդադարեցնի պատժամիջոցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։

Ղալիբաֆն իր ելույթում անդրադարձել է մի շարք ներքին և տարածաշրջանային հարցերի, մասնավորապես՝ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի խախտմանը։

«Իրանը չի վերաբացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ փոխըմբռնման հուշագրում նշված պայմանները չեն կատարվել, այդ թվում՝ շրջափակման վերացումը, սառեցված ակտիվների ապասառեցումը, նավթային պատժամիջոցների վերացումը և բոլոր ճակատներում սպառնալիքների ու ռազմական գործողությունների դադարեցումը», - նշել է նա։

Ղալիբաֆի խոսքով՝ փետրվարի 28-ին՝ ամերիկա-իսրայելական հարվածների առաջին օրը զոհված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի բազմամյա ղեկավարությունը պատրաստել է Իրանի ժողովրդին և զինված ուժերին՝ միասնական կանգնելու ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից ձեռնարկված ագրեսիայի դեմ։

Նա նաև մատնանշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Թեհրանի հետ Պակիստանի միջնորդությամբ կնքված փոխըմբռնման հուշագրից. նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից փաստաթղթի չկատարումը հուսահատության դրսևորում էր, սակայն գործնականում դա Վաշինգտոնի համար մեծ դիվանագիտական ​​պարտություն էր։

Ղալիբաֆը հավելել է, որ Իրանի զինված ուժերը շարունակում է սերտորեն խորհրդակցել երկրի դիվանագիտական ​​​​ապարատի հետ և գործնական ու ջախջախիչ պատասխան է տվել պարտավորությունների խախտման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում