Օգոստոսյան խորհրդակցություն Գյումրիում. ներկայացվել են նոր ուսումնական տարվա առաջնահերթությունները

4 րոպեի ընթերցում

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ Գյումրիում օգոստոսի 18-ին տեղի ունեցավ օգոստոսյան խորհրդակցություն՝ Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպումը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Մինչ խորհրդակցության պաշտոնական մեկնարկը՝ Գյումրու թիվ 41 դպրոցի բակում ներկաները ծանոթացել են «Կրթական էքսպո» ցուցահանդեսին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շրջել է տաղավարներով, զրուցել աշակերտների ու ուսուցիչների հետ, հետաքրքրվել նրանց նախաձեռնություններով, ծանոթացել Շիրակի մարզի դպրոցների աշակերտների՝ նախորդ ուսումնական տարում տարբեր առարկաներից պատրաստած լավագույն նախագծային աշխատանքներին։

Խորհրդակցության ընթացքում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շնորհավորել է ներկաներին առաջիկա ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ ընդգծելով, որ, չնայած սպասվող կառուցվածքային ու բովանդակային փոփոխություններին, մարզի տարածքում գործող բոլոր դպրոցները կշարունակեն մնալ անձամբ իր ուշադրության կենտրոնում։ Մարզպետ Առուշանյանը նաև բարձրացրել է դպրոցի տնօրենների աշխատավարձերի ավելացման և վերանայման անհրաժեշտության հարցը։ Բացման խոսքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումն ու կրթական համակարգի ներկայացուցիչների հետ անմիջական քննարկումների արդյունավետությունը։

Աշխատանքային խորհրդակցությունը մեկնարկել է հաճելի միջոցառմամբ՝ Շիրակի մարզի մի շարք դպրոցների տնօրեններ և մանկավարժներ նախորդ ուսումնական տարվա ընթացքում «Ամսվա լավագույնները» մրցույթում հաղթելու համար արժանացել են ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրերի։

Խորհրդակցության ընթացքում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է կրթության ոլորտում նախորդ տարի կատարված հիմնական աշխատանքներին, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպման առանցքային խնդիրներին և նոր ուսումնական տարում հանրակրթության պետական չափորոշչի կիրառմանը։ Փոխնախարարի խոսքով՝ «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններով նախատեսվում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ։ Նա ներկայացրել է նոր ուսումնական տարվա հիմնական անելիքները՝ առանձնացնելով հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացը։ Եթե նախորդ տարի չափորոշիչն արդեն գրեթե ամբողջությամբ ներդրված էր, ապա այս տարի այն կանցնի ներդրման ամբողջ շրջափուլը նաև 12-րդ դասարանում։ Նոր կարգավորումներով՝ միջին դպրոցում ավելացել են պետական բաղադրիչի ժամերը, իսկ տարրական և հատկապես ավագ դպրոցներում՝ դպրոցական բաղադրիչի ժամերը։

Անդրադառնալով նախագծային ուսուցմանը՝ պատասխանատուն նշել է, որ շեշտը դրվելու է գործնական բովանդակության և խորքային հմտությունների զարգացման վրա։ Նոր ուսումնական տարվանից դպրոցներում կներդրվեն «Առողջ ապրելակերպ» և «Անվտանգ կենսագործունեություն» առարկաները։ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը կդառնա ավելի ճկուն՝ աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և բուհական ընդունելությանը նախապատրաստվելուն նպաստելու համար։

Խորհրդակցության ավարտին Արաքսիա Սվաջյանը պատասխանել է մասնակիցների բարձրացրած բազմաթիվ հարցերին՝ տալով անհրաժեշտ պարզաբանումներ և մեթոդական ցուցումներ։

Հայերեն