ԱՄՆ Սենատ կներկայացվի բանաձև, որով կարգելվեն Օմանին հարվածներն՝ առանց Կոնգրեսի հաստատման
2 րոպեի ընթերցում

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը հայտարարել է, որ Սենատում քննարկման կներկայացնի ռազմական լիազորությունների մասին բանաձև՝ Օմանի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները դադարեցնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է իր կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Հենց մենք վերադառնանք օգոստոսյան արձակուրդներից, ես բանաձև կներկայացնեմ ռազմական լիազորությունների մասին, որով կարգելվեն Օմանի դեմ ռազմական գործողությունները, և հուսով եմ, որ առանձին հանրապետական գործընկերներ կմիանան դեմոկրատներին և իշխանությունից կուրացած այս նախագահին թույլ չեն տա էլ ավելի մեծ վնաս հասցնել ԱՄՆ-ին ու ամբողջ աշխարհին», - ասվում է Քեյնի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի փոքրացող զինանոցն Օմանի վրա ծախսելու Թրամփի սպառնալիքը, «երկիր, որի հետ ԱՄՆ-ն ունի ամուր դիվանագիտական հարաբերություններ և ազատ առևտրի համաձայնագիր», ուրախանալու առիթ է տալիս «այնպիսի իրական հակառակորդների, ինչպիսիք են Չինաստանն ու Ռուսաստանը»։
Քեյնի խոսքով՝ Թրամփն «ավելի ու ավելի է կորցնում կապն իրականության հետ իր միանձնյա արշավում՝ սպառնալով և պատերազմներ սանձազերծելով ամբողջ աշխարհում»։
«Նրա պատերազմներն անօրինական են, քանի որ դրանք հավանության չեն արժանացել Կոնգրեսի կողմից, սակայն նա շարունակում է դրանք սանձազերծել, չնայած մեր զինծառայողների շրջանում հսկայական կորուստներին…., ինչպես նաև մեր զինամթերքի պաշարների և ամբողջ աշխարհում մեր դաշինքների վրա ազդեցությանը», - հավելել է Քեյնը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ հարված կհասցնի Օմանին, եթե այդ երկիրը խանգարի ամերիկյան ուժերի կողմից Իրանի ծովային շրջափակմանը։