ՀՀ ԿԳՄՍՆ-ն և Saté-Âtre ֆրանսիական  թատերական  ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Saté-Âtre» (Սաթէ–Աթղը) ֆրանսիական  թատերական  ընկերության միջև ստորագրվել է համագործացության հուշագիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և «Saté-Âtre» ֆրանսիական թատերական  ընկերության տնօրեն Սաթենիկ (Սաթէ) Խաչատրյանը:

Հուշագրի նպատակն է ամրապնդել և զարգացնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցությունը, մասնավորապես՝ հայկական մշակույթի հանրահռչակումը Ֆրանսիայում և ֆրանսիական մշակույթի հանրահռչակումը Հայաստանում՝ հատկապես ժամանակակից պարի և դրամատուրգիայի ոլորտներում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հիշատակել է նախորդիվ համատեղ մի շարք կարևոր նախագծերի հաջող իրականացումը՝ հատկապես ընդգծելով ֆրանս-հայկական «Նռան գույնը» բեմադրությունը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին (խորեոգրաֆ՝ Մուրադ Մերզուկի, գաղափար՝ Սաթէ Խաչատրյան):  Նա կարևորել է համագործակցության արդեն իսկ առկա հիմքերը՝ հույս հայտնելով, որ դրանք առավել կամրապնդվեն հուշագրում ամրագրված բոլոր կետերի իրականացմամբ:

Հուշագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը կաջակցի ընկերությանը համատեղ նախագծերի իրականացման ինստիտուցիոնալ մակարդակում, կնպաստի միջազգային և հանրապետական գործընկերների ներգրավմանը և այլն: «Saté-Âtre» ընկերությունն իր հերթին պարտավորվում է իրականացնել նախագծերի ստեղծագործական, պրոդյուսերական և կազմակերպական ամբողջ գործընթացը, նպաստել նախագծերի միջազգային տարածմանը հատկապես Ֆրանսիայում, մշակել նոր նախագծեր՝ հիմք ընդունելով նախարարության առաջնահերթությունները և մշակութային ռազմավարությունը:

Նախատեսվում է համատեղ ստեղծել համագործակցության ծրագրեր ֆրանս-հայկական մշակութային փոխանակման նպատակով, զարգացնել կրթական ծրագրեր երիտասարդ արվեստագետների համար, անցկացնել վարպետության դասեր, ստեղծագործական լաբորատորիաներ, քննարկումներ, փառատոներ և այլն:

ԿԳՄՍ նախարարության և «Saté-Âtre» ֆրանսիական  թատերական  ընկերության համագործակցությամբ իրականացվել են «Քոչար 360°» պարային ներկայացումը՝ նվիրված Երվանդ Քոչարի 125-ամյակին (խորեոգրաֆ՝ Մուրադ Մերզուկի, գաղափար՝ Սաթե Խաչատրյան) և «Մանուշյանական շաբաթ» նախագիծը՝ Արտաշատի թատրոնում։

Հայերեն English Русский