ԱՄՆ հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտման. Իրանի ԱԳՆ
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հանգեցրել են Պարսից ծոցի իրանական ափի նավթային աղտոտման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։
«Ղեշմ կղզու ափի նավթային աղտոտումն առաջացել է տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ագրեսիայի հետևանքով: Այդ վնասը, որ հասցվել է Պարսից ծոցի իրանական ափի շրջակա միջավայրին, վկայում է Իրանի՝ որպես ափամերձ պետության կողմից Հորմուզի նեղուցի կառավարման մեխանիզմի մշակման և ներդրման անհրաժեշտությունը», - գրել է նա X հարթակում։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին: Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանն Իսլամաբադի միջնորդությամբ ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում: Սակայն հուլիսի 8-ի գիշերը Միացյալ Նահանգները վերսկսել է լայնածավալ հարվածներն Իրանի դեմ՝ մեղադրելով նրան ձեռք բերված համաձայնությունների պայմանների խախտման և Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումների համար։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանային երկրներում ամերիկյան օբյեկտներին։ Վերջին շաբաթներին կողմերը փորձում են միջնորդների միջոցով նոր համաձայնության հասնել։