Կալասը ողջունել է Ռաֆահում և Արևմտյան ափում ԵՄ առաքելությունների մանդատի երկարաձգման Իսրայելի որոշումը
2 րոպեի ընթերցում

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կարևորել է Իսրայելի որոշումը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում և Արևմտյան ափում ԵՄ երկու առաքելությունների մանդատները մինչև 2027 թվականի հունիսի վերջը երկարաձգելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կալասը նշել է X հարթակում գրառման մեջ։
«Իսրայելի իշխանությունների որոշումը Ռաֆահում և Արևմտյան ափում ԵՄ Համատեղ անվտանգության և պաշտպանության քաղաքականություն (CSDP) երկու առաքելությունների մանդատները մինչև 2027 թվականի հունիսի վերջը երկարաձգելու վերաբերյալ կարևոր քայլ է ամիսներ տևած դիվանագիտական բանակցություններից հետո», - նշել է նա գրառման մեջ։
Կալասը շնորհակալություն է հայտնել ԵՄ արտաքին գործողությունների ծառայությանը և ներգրավված անդամ պետություններին այս երկարաձգումներն ապահովելու ուղղությամբ իրենց վճռական աշխատանքի համար։
«Առաքելություններն ունեն հստակ նպատակ՝ օգնել անցակետերը դարձնել ավելի անվտանգ և արդյունավետ, աջակցել պաղեստինյան ոստիկանությանը և նպաստել տարածաշրջանում կայունությանը», - ասել է նա։
Կալասը հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Գազայի խաղաղության ծրագրին, որը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2803 բանաձևով։
ԵՄ սահմանային առաքելությունը Ռաֆահում (EUBAM Rafah) պաշտոնապես մեկնարկել է 2005 թվականի նոյեմբերի 25-ին, իսկ գործառնական փուլը՝ նույն թվականի նոյեմբերի 30-ին։
ԵՄ ոստիկանական առաքելությունը Արևմտյան ափում (EUPOL COPPS) մեկնարկել է 2006 թվականի հունվարի 1-ին։
Առաքելությունները ստեղծվել են ԵՄ համատեղ անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում։