Ճապոնիայի վարչապետը «բացարձակապես անընդունելի» է որակել Պուտինի այցը Իտուրուպ կղզի
2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին բողոք է հայտնել Կուրիլյան Իտուրուպ կղզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի կապակցությամբ՝ այն որակելով «բացարձակապես անընդունելի»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Ճապոնիայի համար Հյուսիսային տարածքներին վերաբերող հարցերը, մասնավորապես՝ կղզու նախկին բնակիչների կողմից ընտանեկան գերեզմաններ այցելելու հետ կապված հարցերը, մարդասիրական հարցեր են։ Այսպիսով, մենք երկխոսության ուղիները բաց ենք պահել և շարունակել ենք այս հարցերը քննարկել բանակցությունների միջոցով։ Սակայն ներկայիս իրավիճակը չափազանց ցավալի է։ Ինչ վերաբերում է մեր առաջիկա արձագանքին, կառավարությունը ուշադիր կքննարկի համապատասխան միջոցառումները», - հայտարարել է վարչապետը։
Օգոստոսի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սախալինի մարզ ուղևորության ընթացքում առաջին անգամ այցելել է Կուրիլյան Իտուրուպ կղզի: Այս այցը մեծ դժգոհություն է առաջացրել Ճապոնիայում, որը Կուրիլյան չորս կղզիները համարում է իր հյուսիսային տարածքները:
Սանաե Տակաիչին նշել է, որ Ճապոնիան բազմիցս ռուսական կողմին խնդրել է, որ նախագահ Պուտինը զերծ մնա «Հյուսիսային տարածքներ» այցելելուց: Նրա խոսքով՝ Պուտինի այցը «հակասում է Հյուսիսային տարածքների վերաբերյալ Ճապոնիայի հետևողական դիրքորոշմանը»:
«Ավելին, այն վիրավորում է ճապոնացի ժողովրդի զգացմունքները և բացարձակապես անընդունելի է», - հայտարարել է Սանաե Տակաիչին:
Նա հավելել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր Տոկիո-Մոսկվա հարաբերությունները բարդ վիճակում են, իսկ այս այցը «միայն կխորացնի Ճապոնիայում Ռուսաստանի նկատմամբ վատ տրամադրվածությունը՝ խոչընդոտելով հարաբերությունների վերակառուցմանը երկարաժամկետ հեռանկարում»:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո Կուրիլյան կղզիներն անցել են Ռուսաստանի վերահսկողության տակ, սակայն Տոկիոն չի ճանաչում Ռուսաստանի ինքնիշխանությունը Կուրիլյան արշիպելագի հարավային չորս կղզիների նկատմամբ: