Իրանի պատասխան հարվածներից ԱՄՆ-ին հասցված վնասը The Wall Street Journal-ը գնահատել է 13 միլիարդ դոլար

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության պատասխան հարվածների պատճառով Միացյալ Նահանգների կորուստները հասել են 13 միլիարդ դոլարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները։

Հրատարակությունը նշում է, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր Իսլամական Հանրապետությունը հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով ավելի քան 2000 հարված է հասցրել Մերձավոր Արևելքի թիրախներին։

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) անվտանգության ու պաշտպանության բաժնի ղեկավար Սեթ Ջոնսի տվյալներով՝ մարտական գործողությունների ընթացքում իրանական բանակը գրոհել է առնվազն 20 օբյեկտի վրա, որոնք ամերիկացի զինվորականների կողմից օգտագործվել են Մերձավոր Արևելքում։

Բացի այդ, վնասվել կամ ոչնչացվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի առնվազն 42 թռչող սարք, այդ թվում՝ ավիաբազաներում գտնվողները, հավելել է Ջոնսը։ Խոսքը հիմնականում խոշոր անօդաչուների մասին է, սակայն հարվածների տակ են հայտնվել նաև ամերիկյան կործանիչներ։

Հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի գնդակոծությունները՝ Թեհրանին մեղադրելով Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա գրոհների համար։ Իրանը սա որակել է որպես ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում և սկսել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտներին։

Էսկալացման այս նոր փուլը տեղի է ունեցել կողմերի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից ընդամենը երեք շաբաթ անց:

Վերջին շաբաթներին Վաշինգտոնը և Թեհրանը միջնորդների օգնությամբ փորձում են համաձայնեցնել նոր գործարքի պայմանները։

Հայերեն Русский