Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, վերնագրելով՝ «Այսօր խաղաղության առաջին տարեդարձն է»: 

«Մեկ տարի առաջ, երբ Վաշինգտոնում ստորագրվեց խաղաղության հռչակագիրը, թերահավատները չէին հավատում, որ սա բերելու է իրական խաղաղության։ Նրանք չէին հավատում, որ սա վերջ է դնելու սահմանային անվերջ  կրակոցներին և զոհերին։ Նրանք չէին հավատում, որ մենք դուրս ենք գալու շրջափակված վիճակից։

Նրանք ուղիղ ասում էին, որ սրանով մենք ճանապարհ ենք տալիս հակառակ կողմին, իսկ մենք ոչինչ չենք ստանում և մնալու ենք շրջափակման մեջ։

Հետագա մեկ տարվա զարգացումները ցույց տվեցին հակառակը։ Արդեն ոչ միայն մեկ տարի է, այլ երկուսուկես տարի սահմանին հակառակորդի կրակոցից որևէ վիրավոր կամ զոհ չենք ունեցել»,- ասել է նա։

Ռուբինյանի խոսքով՝ Հայաստանը  ոչ միայն չի մնացել շրջափակման մեջ, այլ նաև առաջինն է քաղել ապաշրջափակման դրական պտուղները՝ երկաթգծային կապ ստանալով աշխարհի հետ Ադրբեջանի տարածքով։ Ընդգծել է՝ նույնը տեղի է ունեցել նաև Թուրքիայի տարածքով, որովհետև վերջերս Թուրքիան վերացրել է Հայաստանի՝ իր երկաթգծային ցանցն օգտագործելու սահմանափակումները։

«Սա իրական խաղաղություն է, և սրանով պետք է ուրախանալ։ Մենք արժանի ենք խաղաղության։ Այո՛, ոչ բոլոր խնդիրներն են դեռ լուծված։ Դեռ կլինեն խնդիրներ, կլինեն հայտարարություններ, որոնցից մենք կնյարդայնանանք։

Մենք դեռ կնյարդայնանանք, բայց ոչ կրակոցների պատճառով, կամ՝ կնյարդայնանանք առանց սահմանային կրակոցների, առանց զոհերի։ Որովհետև խաղաղություն է»,– եզրափակել է Ռուբինյանը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում