Բուլղարացի իմունոլոգը հայտնել է, որ կլիմայի փոփոխությունը և ծայրահեղ շոգը բացասաբար են ազդում մարդու առողջության վրա․ BTA

2 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Կլիմայի փոփոխությունը և հաճախակի, երկարատև ջերմային ալիքներն աճող սպառնալիք են ներկայացնում մարդու առողջության համար ամբողջ աշխարհում և Բուլղարիայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բուլղարիայի ազգային լրատվական գործակալության (BTA) հետ հարցազրույցում հայտնել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Ստեֆան Անջելոֆի անվան մանրէաբանության ինստիտուտի փորձարարական իմունաթերապիայի լաբորատորիայի դոցենտ, իմունոլոգ Պետյա Դիմիտրովան։

Դիմիտրովան պարզաբանել է, որ չնայած մարդու մարմինն ունի ջերմակարգավորման և հարմարվողականության մեխանիզմներ, երկարատև տապը և ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններն այն ենթարկում են լուրջ ֆիզիոլոգիական սթրեսի և բացասաբար են անդրադառնում ինչպես ջերմակարգավորման, այնպես էլ իմունային համակարգի վրա։

«Այս մեխանիզմները կենսական նշանակություն ունեն բոլոր օրգանների և համակարգերի, այդ թվում՝ սրտանոթային, շնչառական և իմունային համակարգերի բնականոն գործունեության համար», - հավելել է նա։

Մասնագետը նշել է, որ չափազանց բարձր ջերմաստիճանը նաև խաթարում է մարմնի ցիրկադային ռիթմը՝ առաջացնելով բորբոքում, իսկ որոշ մարդկանց մոտ՝ քրոնիկ բորբոքում։

Դիմիտրովան հավելել է, որ սրտանոթային հիվանդություններով հիվանդների մոտ բարձր ջերմաստիճանի և մահացության միջև ուղիղ կապ կա։

Իմունոլոգը շեշտել է, որ վարակիչ հիվանդությունների դեպքերն ամռանը չեն նվազում՝ չնայած արևոտ եղանակին և ընդհանուր առմամբ ուժեղ իմունային ֆունկցիային, քանի որ բարձր ջերմաստիճանը և ջերմաստիճանի տատանումները բացասաբար են անդրադառնում բնածին իմունիտետի վրա։

Նա կոչ է արել մարդկանց, մասնավորապես՝ քրոնիկ հիվանդություններ ունեցողներին, զգուշություն պահպանել շոգ եղանակին, պարբերաբար հանգստանալ, բավարար քանակությամբ հեղուկներ խմել, չափավոր ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել՝ հավելելով, որ կանոնավոր քունը և սննդի ընդունման ժամերը կարևոր են բոլորի համար՝ անկախ եղանակից։

Հայերեն Русский

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ