1 րոպեի ընթերցում
Գիտնականներն առաջարկել են մինչև 2200 թվականը կրկնակի կրճատել աշխարհի բնակչությունը մոլորակի բնական պաշարները և կենսաբազմազանությունը պահպանելու, ինչպես նաև ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հետազոտողները գրել են Sustainable Development գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:
«Մենք հայտնաբերել ենք, թե սկսած 1970 թվականից որքանով համաշխարհային բնակչության թվաքանակը (և դրա ազդեցությունը բնակչության մեկ շնչի վրա) առնչություն ունի կենսաբազմազանության, ռեսուրսների սպառման և շրջակա միջավայրի աղտոտման ութ ցուցանիշների հետ: Չնայած այն բանին, որ նման միտումները չեն սկսվել 1970 թվականին, սակայն դրանք այդ ժամանակվանից ի վեր զգալիորեն աճել են», - նշված է հոդվածում։
Հետազոտողները եզրակացրել են, որ ցուցանիշները բարելավելու համար մոլորակի բնակչության թիվը մինչև 2200 թվականը պետք է կրճատվի՝ հասնելով մինչև 4 միլիարդի կամ ավելի պակաս:
Գիտնականների կարծիքով, մինչև այս մակարդակ բնակչության կրճատումը կնվազեցնի ճնշումը վայրի էկոհամակարգերի վրա և կմեղմացնի կլիմայի փոփոխության հետևանքները:
Այժմ մոլորակի բնակչությունը կազմում է 8,3 մլրդ։