Հայաստան

Հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված ԱԳԼՃԿ-ներում և ԱԲԼԿ-ներում պահանջվում է խստագույն վերահսկողություն

2 րոպեի ընթերցում

Հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված ԱԳԼՃԿ-ներում և ԱԲԼԿ-ներում պահանջվում է խստագույն վերահսկողություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմային ֆոնի էական բարձրացում: Սպասվող բարձր ջերմաստիճանի հետևանքով հրդեհների ու պայթյունների առաջացման ռիսկի կտրուկ աճով պայմանավորված՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմինը հորդորում է բնակչությանը ցուցաբերել առավելագույն զգոնություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՔՏՀԱ տեսչական մարմնից զգուշացնում են, որ առանձնակի ուշադրություն և խստագույն վերահսկողություն է պահանջվում հատկապես պայթյունավտանգ օբյեկտների տարածքում. մասնավորապես՝ ավտոգազալիցքավորման (ԱԳԼՃԿ) և ավտոբենզալիցքավորման (ԱԲԼԿ) կայաններում:

Տեսչական մարմինը հորդորում է նշված տնտեսվարողներին, պատասխանատու անձանց և քաղաքացիներին ցուցաբերել բարձր իրավագիտակցություն և առավելագույն զգոնություն տնտեսվարող սուբյեկտների տարածքում, խստագույնս վերահսկել գազալցակայանների և բենզալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների անշեղ պահպանում, բացառել ծխելու, բաց կրակի օգտագործման կամ կայծ առաջացնող ցանկացած գործողության դեպք, ապահովել տարածքների ամենօրյա հսկողությունը և անհրաժեշտ տեխնիկական/հակահրդեհային միջոցների սարքինությունը։

ՔՏՀԱ-ից տեղեկացնում են, որ քաղաքացիներից ստացվող ահազանգերն ու բողոքները հիմնականում վերաբերում են լցակայանների տարածքում քաղաքացիների կողմից անպատասխանատու վարքագծին և անվտանգության կանոնների անտեսմանը՝ մասնավորապես ծխելու դեպքերին։

«Ուստի բոլոր պատասխանատուներին, քաղաքացիներին հորդորում և խնդրում ենք չանտեսել ստեղծված հրդեհավտանգ իրավիճակը և ձեռնարկել բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ կանխելու հնարավոր արտակարգ պատահարներն ու ապահովելու քաղաքացիների, անձնակազմի և գույքի անվտանգությունը։

Ցուցաբերե՛ք բարձր պատասխանատվություն՝ դրանով իսկ նպաստելով հրդեհների ու տեխնածին վտանգների կանխարգելմանը»,-նշել են տեսչական մարմնից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում