Աշխարհ

Ճապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողություն

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողություն

Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի Խաղաղության զբոսայգում տեղի է ունեցել ԱՄՆ-ի կողմից այդ քաղաքի ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo-ն:

Գործակալության տվյալներով՝ միջոցառմանը մասնակցել են Կորեայի Հանրապետությունից ժամանած տուժածներ և նրանց հարազատները: Արարողության մասնակիցներից մեկը՝ Դեգու քաղաքի 80-ամյա բնակիչը, ճառագայթահարվել է դեռ իր ծնվելուց առաջ՝ հղի մոր հետ միասին:

Արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին՝ ատոմային ռմբակոծության 81-րդ տարելիցից մեկ օր առաջ։

Կորեական թերակղզին Երկրորդ համաշխարհային պատերազմում մինչև Տոկիոյի կապիտուլյացիան գտնվում էր ճապոնական գաղութային տիրապետության ներքո: Հիրոսիմայի և Նագասակիի պրեֆեկտուրաներում ամերիկյան ատոմային ռմբակոծությունների հետևանքով ճառագայթահարվել է մոտ 70 000 կորեացի, որոնցից շուրջ 40 000-ը մահացել է միջուկային հարվածներից կարճ ժամանակ անց, սակայն այս թվերը հստակ չեն։

Միացյալ Նահանգները Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծություններն իրականացրել է 1945 թվականի օգոստոսին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի կապիտուլյացիան արագացնելու պաշտոնապես հայտարարված նպատակով։ Դրանք մարդկության պատմության մեջ միջուկային զենքի մարտական ​​կիրառման միակ օրինակներն են։ Հիրոսիմայի վրա նետված ռումբի պայթյունի հետևանքով մեկ օրում, տարբեր գնահատումներով, զոհվել է 70 000-ից մինչև 100 000 մարդ։ 1945 թվականի վերջին զոհերի թիվը հասել է մինչև 140 000-ի՝ հիվանդանոցներում ստացած վերքերից և ճառագայթահարումից մահացածների հաշվին։ Ռմբակոծության զոհերի ընդհանուր թիվը ներկայում գերազանցում է 350 000-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում