Աշխարհ

SpaceX հրթիռի մի հատված, ամենայն հավանականությամբ, բախվել է Լուսնին

2 րոպեի ընթերցում

SpaceX հրթիռի մի հատված, ամենայն հավանականությամբ, բախվել է Լուսնին

SpaceX հրթիռի մի կտոր, որը մոտ 2,43 կիլոմետր վայրկյան արագությամբ պտտվում էր ուղեծրում, ամենայն հավանականությամբ, արդեն հարվածել է Լուսնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հաղորդում է BBC-ն։

Խոսքը Falcon 9 տիեզերանավի վերին հատվածի մասին է, որը մոտավորապես 5-հարկանի շենքի չափ է և կշռում է առնվազն 4000 կգ։

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) տվյալներով` բախումը պետք է տեղի ունենար Բրիտանական ամառային ժամանակով (British Summer Time) մոտավորապես 07:35-ին (Երևանի ժամանակով՝ 10։35-ին)։

Մասնագետներն ավելի վաղ հայտնել էին, որ հարվածը Երկրից անզեն աչքով տեսանելի չի լինի, սակայն բարդ աստղադիտակի հասանելիություն ունեցող մարդիկ կարող են տեսնել Լուսնի մակերևույթից ճառագայթող լույսը։

Այս միջադեպը վտանգավոր չի համարվում, այդ թվում՝ Երկրի համար, քանի որ գիտնականները սա համարում են եզակի հնարավորություն՝ ուսումնասիրելու, թե ինչ է կատարվում, երբ որևէ մարմին հարվածում է Լուսնին։

Տեղի ունեցածից լուսանկարներ առայժմ չեն հրապարակվել։ Գիտնականներն այժմ պետք է համեմատեն Լուսնի մակերևույթի «առաջ և հետո» լուսանկարները, որպեսզի տեսնեն՝ արդյոք այնտեղ  հայտնվել է նոր «սպի», իսկ այս գործընթացը, նշում է BBC-ն, ժամանակ կպահանջի։

Falcon 9 հրթիռը Ֆլորիդայից արձակվել էր հունվարին՝ տիեզերք տանելով Լուսնի վրա վայրէջք կատարելու համար նախատեսված երկու սարք։

SpaceX-ի Falcon 9 հրթիռը բազմակի օգտագործման, երկաստիճան հրթիռ է, որն, ըստ ընկերության, նախատեսված է «Երկրի ուղեծիր և դրանից այն կողմ մարդկանց և բեռների հուսալի և անվտանգ տեղափոխման համար»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում