Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 17-ի
2 րոպեի ընթերցում

Ռուսական ուժերի կողմից բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով Կիևի մարզում և մայրաքաղաք Կիևում զոհերի թիվը հասել է 17-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ ևս 44 մարդ վիրավորվել է։ Զելենսկին հավելել է, որ Կիևի մարզի վրա արձակվել է 24 բալիստիկ հրթիռ, 4 «Ցիրկոն» հրթիռ և 115 ԱԹՍ։
«Հարձակման հիմնական թիրախը քաղաքացիական պահեստներն էին։ Հարվածներ են հասցվել նաև ենթակառուցվածքներին և երկաթուղային կայարանին։ Պատերազմի հետ կապ չունեցող օբյեկտների թվում են գարեջրատունը, շինանյութերի պահեստները և քաղաքացիական լոգիստիկան», - հավելել է Զելենսկին։
Նա շեշտել է՝ մարդկանց կյանքը կարող էին փրկել հակահրթիռային միջոցները։ Զելենսկին կրկին հիշեցրել է, որ այդ համակարգերի համար զինամթերքի պակաս կա, և դաշնակիցներին կոչ է արել ավելի ակտիվորեն օգնել կալանիչ հրթիռների մատակարարումների հարցում։
Ավելի վաղ հաղորդվել էր 14 զոհի մասին։
Զելենսկու գրառումից հետո Ներքին գործերի նախարարության ղեկավարը հստակեցրել է Կիևի մարզում և Կիևում զոհերի տվյալները։ Իվան Վիգովսկու խոսքով՝ Կիևի մարզում զոհվել է 16 մարդ։ Մայրաքաղաք Կիևում զոհվել է 60-ամյա կին, 16 մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ Կիևի քաղաքապետը հայտնել էր մայրաքաղաքում 1 զոհի և 26 տուժածի մասին։