Քաղաքականություն

Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

4 րոպեի ընթերցում

Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Սլովակիայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարներ Յուրայ Բլանարն ու Օանա-Սիլվիա Ցոյուն շնորհավորել են Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները գրառումներ են կատարել X-ի իրենց միկրոբլոգներում։

Մասնավորապես Յուրայ Բլանարն Արարատ Միրզոյանին հաջողություններ է մաղթել ԱԳ նախարարի պաշտոնում և համագործակցության խորացման պատրաստակամություն հայտնել։

«Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և անհամբեր սպասում եմ մեր համագործակցության շարունակությանը՝ Սոլավակիա-Հայաստան բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման գործում»,-գրել է Սլովակիայի ԱԳ նախարարը։

Ռումինիայի ԱԳ նախարարը ևս շնորհավորել է Միրզոյանին՝ ակնկալելով երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդում։

«Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ մեր ռազմավարական գործընկերության զարգացման և հաղորդակցության նախագծերի հետագա ամրապնդման ուղղությամբ շարունակական աշխատանքին։

Ռումինիան կշարունակի լինել վստահելի գործընկեր՝ առաջ մղելու Հայաստան-Եվրամիություն հավակնոտ օրակարգը, որտեղ դիմակայունությունն ու ժողովրդավարական բարեփոխումները կարևորագույն նշանակություն ունեն»,-գրել է Օանա-Սիլվիա Ցոյուն։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը օգոստոսի 2-ին հրաժարական էր ներկայացրել, քանի որ այդ օրը մեկնարկել էր հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի մեկնարկի օրը ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի ՀՀ նախագահին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 2-ին ստորագրել էր ՀՀ կառավարության հրաժարականի դիմումը, որն ուղարկվել էր ՀՀ նախագահի աշխատակազմ։ Նախագահը հաստատել էր Կառավարության հրաժարականը, որից հետո արդեն նոր ձևավորված խորհրդարանում մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի պաշտոնում ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ինչի հիման վրա էլ ՀՀ նախագահը Փաշինյանին վերանշանակել էր վարչապետի պաշտոնում։

Օգոստոսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշանակել էր նաև նախարարներին և փոխվարչապետերին։ Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նոր Կառավարության կազմը։ Արարատ Միրզոյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում