6 րոպեի ընթերցում
«Գրիգոր Խանջյան - 100. նկարիչը և գիրքը» ցուցահանդեսում հանրությանն են ներկայացվում ականավոր նկարիչ Գրիգոր Խանջյանի՝ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի տպագրության համար արված շուրջ 40 էսքիզներ և օֆորտի թերթեր, արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր, որոնք տրամադրել է նկարչի դուստրը՝ Սեդա Խանջյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը, որը բացվեց օգոստոսի 4-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, բացահայտում է, թե ինչպես է աշխատել Գրիգոր Խանջյանը, ինչ փուլեր է անցել և ինչով է նրան գերել Կոմիտասի կերպարը։
Ցուցադրության համադրող Մարինե Հարոյանն ընդգծեց, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մշտական ցուցադրությունը եզրափակվում է Գրիգոր Խանջյանի՝ «Անլռելի զանգակատուն» պոեմի համար արված նկարազարդումների շարքով, ինչը պատահական չէ, քանի որ մշտական ցուցադրությունը պետք է ուժեղ ակորդով ավարտվի և տպավորիչ լինի, իսկ այդ շարքն այդպիսին է։
«Բոլորն են համարում, որ այդ շարքը մեր գրքարվեստի բարձրակետերից է։ Նկարներն ի սկզբանե ստեղծվել են որպես գրաֆիկական գործեր, հետո է շարքը գիրք դարձել։ Մենք չէինք կարող չանդրադառնալ Գրիգոր Խանջյանի 100-ամյակին և որոշեցինք շարքը կրկին գրքի ձևաչափով ներկայացնել։ Այցելուներից քչերը կհիշեն, որ այն հիմնված է գրքի նկարազարդումների վրա, քանի որ նրանք այդ գործերն ընկալում են որպես արվեստի առանձին նմուշներ։ Ցանկացանք ցույց տալ, թե ինչպես են ստեղծվել նկարազարդումները, և ուրախ եմ, որ գտանք Խանջյանի տեսագրությունը, որում նա պատմում է այդ մասին»,-ասաց Հարոյանը։
Նա յուրահատուկ համարեց Կոմիտասին պատկերող գրաֆիկական աշխատանքը, որը տպագիր վիճակում միշտ կախված եղել Խանջյանի արվեստանոցում և առաջին անգամ է դուրս գալիս արվեստանոցից։ Նկարի վրա Սևակի մակագրությունն է. «Զքոյսդ ի քոյոց քեզ մատուցանեմ, իմ սիրելի Գրիգոր։ Շնորհակալությամբ Պարույր Սևակ»։
Գրիգոր Խանջյանն այլ գրքեր ևս նկարազարդել է՝ Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն», Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի», Գևորգ Էմինի «Բալլադ ձկնորսի մասին», «Սասունցիների պարը»։
Հարոյանի խոսքով՝ Խանջյանը շատ լուրջ է վերաբերվել գրքարվեստին, իսկ «Վերք Հայաստանի» գրքի նկարազարդումները գլուխգործոցներ կարելի է համարել։ «Նա մեր ամենագրագետ ու տաղանդավոր նկարիչներից էր, որը գնահատվել է։ Խանջյանի աշխատանքները տեղ են գտել և՛ Հայաստանում, և՛ Խորհրդային Միության լավագույն պատկերասրահներում ու թանգարաններում։ Ուրախ ենք, որ նման նկարիչ և նման հավաքածու ունենք»,-եզրափակեց համադրողը։
Սեդա Խանջյանը, որը ևս ներկա էր ցուցահանդեսի բացմանը, կարծում է՝ և՛ Սևակը, և՛ Խանջյանը 1960-ականներին վարպետության և տաղանդի շնորհիվ կերտեցին իրենց Կոմիտասին և վստահ էին, որ Կոմիտասը հենց այդպիսին է։ «Նրանց տաղանդը նրանում է, որ մենք էլ հավատացինք, որ Կոմիտասն իրականում այնպիսին է եղել, ինչպիսին նկարագրվում է պոեմում և պատկերվում է նկարազարդումներում»,-ասաց Խանջյանի դուստրն ու հավելեց՝ հայրը երջանիկ կլիներ, եթե իմանար, որ մի օր Երևանում Կոմիտասի թանգարան կլինի, և այնտեղ կցուցադրվեն իր աշխատանքները։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ կան մի շարք հրաշալի գրական ստեղծագործություններ, որոնք հրաշալի նկարազարդումներ ունեն՝ «Բախչիսարայի շատրվանը» (Վարդգես Սուրենյանց), «Ռոստամ և Սոհրապ» (Մարտիրոս Սարյան), «Սասնա ծռեր» (Երվանդ Քոչար) և այլն։ Նա առանձնահատուկ համարեց Կոմիտասին նվիրված բանաստեղծական երկի միակ ծավալուն, արտահայտիչ ու բովանդակալից նկարազարդումները՝ ստեղծված Գրիգոր Խանջյան հանճարի ձեռքով։
«Պարույր Սևակի հետ Խանջյանի համագործակցությունն այնքան սերտ է եղել, որ նրա միջոցով Խանջյանը մտել է կոմիտասյան աշխարհ ու ստեղծել այնպիսի նկարազարդումներ, որոնք առ այսօր չեն կորցրել արդիականությունը։ Կոմիտասն իր ամբողջ բազմազանության, գեղեցկության, խորության, Կոմիտասն իր հայրենիքի մեջ ներդաշնակորեն պատկերված խանջյանական շարքն անուրանալի հետք է թողել իմ թվարկած ամբողջ նկարազարդումների շարքում և մինչ օրս չգերազանցված է»,-վստահեցրեց Սահակյանը։
Խանջյանի պատկերազարդումները շատ ավելին են, քան գրքի պարզ նկարազարդումներ. դրանք ինքնուրույն գրաֆիկական աշխատանքներ են, որոնք ինչպես հեղինակի, այնպես էլ հայկական գրքային գրաֆիկայի գլուխգործոցներից են։ Պատահական չէ, որ դրանք այսօր ընդգրկված են Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մշտական ցուցադրության մեջ։
«Գրիգոր Խանջյան - 100. նկարիչը և գիրքը» ցուցադրության ընթացքում կկազմակերպվի լինոփորագրության աշխատարան, որի ընթացքում հնարավորություն կլինի նկարչի կողմից ստեղծված տախտակով իրականացնել լինոտպագրություն։