«Արմենիա» ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ
2 րոպեի ընթերցում
Արտաշատ քաղաքում գտնվող «Արմենիա» ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո մեկ տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է բժշկական կենտրոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգեկման ազգային կենտրոնից։
«2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արարատի մարզային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները մասնակցել են Արտաշատ քաղաքում գտնվող «Արմենիա» ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությանը։
Բոլոր 14 հիվանդներն ունեցել են սրտխառնոց և փսխում, ընդ որում՝ մի մասի մոտ ախտանիշներն ի հայտ են եկել դեռևս ռեստորանում։ Նրանք դիմել են Արտաշատի բժշկական կենտրոն։
Տասը հիվանդի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, որից հետո նրանք դուրս են գրվել՝ առողջական վիճակի բարելավմամբ։
Չորս երեխա հոսպիտալացվել է բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք, ստացել է համապատասխան բուժօգնություն, և նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Նրանք ևս դուրս են գրվել՝ ժամը 11:30-ի սահմաններում»,- ասված է ՀՎԿԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Կառույցից նաև հայտնում են, որ մասնագետների կողմից հիվանդներից վերցվել են կենսանմուշներ, ինչպես նաև սննդամթերքի, շրջակա միջավայրի, ռեստորանի սպասարկող անձնակազմի և խոհանոցի նմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։
Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են։Դեպքի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել ՍԱՏՄ և ԱԱՏՄ մարզային կառույցների պատասխանատուներին։