Քաղաքականություն

Ռուբեն Ռուբինյանն ընդդիմադիրներին առաջարկում է նոր խորհրդարանում հարաբերությունները սկսել զրոյական կետից

14 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռուբինյանն ընդդիմադիրներին առաջարկում է նոր խորհրդարանում հարաբերությունները սկսել զրոյական կետից

Հայաստանի նոր ձևավորված խորհրդարանում Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ այժմ եկել է ժամանակը, որ Հայաստանն ապրի խաղաղության պայմաններում՝ առանց հակամարտության, առանց պատերազմների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուբինյանն այդ մասին ասել է նոր ձևավորված խորհրդարանի առաջին նիստում ունեցած ելույթում՝ որպես ԱԺ նախագահի թեկնածու։

«Սիրելի ժողովուրդ, դուք հունիսի 7-ին պաշտպանեցիք Հայաստանը, նրա ինքնիշխանությունն ու անկախությունը, հայկական ժողովրդավարությունը, և այժմ եկել է լավ ապրելու ժամանակը (խմբ. հունիսի 7-ին Հայաստանում տեղի են ունեցել հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու հնարավորություն է ստացել)։ Այժմ եկել է խաղաղության պայմաններում, առանց հակամարտության, առանց պատերազմների, երեխաներ ունենալու և նրանց մեծացնելու ժամանակը։ Ես ասել եմ քարոզարշավի մեկնարկին և ուզում եմ կրկնել հիմա․ իմ գրեթե 2-ամյա տղան պատերազմ չի տեսել, նրա հասակակիցները պատերազմ չեն տեսել։ Ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի իմ, ձեր և բոլորիս երեխաները այդպես էլ չիմանան և չտեսնեն, թե ինչ է պատերազմը»,- նշել է Ռուբինյանը։

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն քաղաքացիներին, որոնք իրենց խղճի և համոզմունքների համաձայն, առանց ընտրակաշառքի, չեն ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

«Ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել՝ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար։ Սիրելի ժողովուրդ, մենք ձեզ լսել ենք և լսում ենք։ Մենք ձեզ տեսել ենք և տեսնում ենք։ Ուզում եմ ձեզանից ներողություն խնդրել այն բանի համար, որ, գուցե, ոչ բոլոր ձեր մտահոգություններին ու դժգոհություններին ենք անդրադարձել, կամ, գուցե, այն բանի համար, որ չենք կարողացել ձեզ համոզել մեր առաջարկած ճանապարհի ճշմարտացիության մեջ։ Խոստանում եմ, որ ամեն ինչ անելու ենք ձեր վստահությունը շահելու կամ վերականգնելու համար։ Դուք ոչ մի դեպքում, նույնիսկ հաշվի առնելով այն փաստը, որ ձեր նախընտրած քաղաքական ուժերը չեն հաղթել, չպետք է ձեզ անտեսված զգաք։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և մյուս քաղաքական ուժերի օգտին քվերակած քաղաքացիների միջև միակ տարբերությունը վերաբերում է քաղաքական նախընտրություններին, և ուրիշ ոչինչ։ Մենք գալիս ենք և սերում ենք նույն պատմությունից, խոսում ենք նույն լեզվով, կրում ենք նույն մշակույթը, մեր ծնողները հանդիպել են և հանդիպում են նույն դժվարություններին ու խնդիրներին, մեր երեխաները ծնվում են նույն երկրում, նույն հիվանդանոցներում, ծառայում և ծառայելու են նույն բանակում։ Աշխարհում չկա որևէ ընտրություն կամ քաղաքական տարբերություն, որ մեզ կարող է բաժանել միմյանցից, որովհետև մենք մեկ ենք, և մենք ձեզ սիրում ենք, նույնիսկ եթե դուք մեզ տեղ-տեղ չեք սիրում»,- ասել է Ռուբինյանը։

Դիմելով ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին, Ռուբինյանը շեշտել է, որ վերջին ամիսներին և հատկապես շաբաթներին մի տարօրինակ և անսպասելի կոնսենսուս է ձևավորվել մեր հանրության, քաղաքական շրջանակների ու լրագրողական դաշտի միջև։

«Կոնսենսուսն այն, որ Հայաստանի Ազգային ժողովն անիմաստ և անպտուղ վեճերի, զազրախոսության, վիրավորանքի տեղ է, և որ այս գումարման Ազգային ժողովն այդ իմաստով նույնիսկ ավելի վատն է լինելու, քան նախորդը։ Սա, կարծես թե, համատարած ազգային կոնսենսուս է, ընդ որում՝ կապ չունի մարդն իշխանամետ է, թե ընդդիմադիր։ Բոլորը մեզ համար այդպիսի ճակատագիր են գուշակում։  Ես ուզում եմ ձեզ առաջարկել, որպեսզի միասին կոտրենք այդ նախախնամությունը կամ անեծքը, ինչպես ուզում եք կոչեք։ Բայց ինչպե՞ս։ Ես, բնականաբար, այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, որ հիմա բոլորս կարող ենք պայմանավորվել բարեկիրթ լինել, միմյանց չվիրավորել, և ամեն ինչ լավ կլինի։ Դա կլինի պատրանք, «խաղաղություն աշխարհին» տիպի կենաց։ Ես առաջարկում եմ հասկանալ պատճառը։ Լավ, ինչո՞ւ է Հայաստանի խորհրդարանում վերջին տարիներին ձևավորվել այսպիսի մշակույթ։ Ինչո՞ւ է խորհրդարանը դարձել անիմաստ, անպտուղ զազրախոսության հոմանիշ։ Ես ունեմ իմ պատասխանը և կանեմ իմ առաջարկությունը՝ ամենևին չհավակնելով վերին ատյանի ճշմարտության խոսափող լինելու դերին և հրավիրում եմ ձեզ քննարկման, եթե պատեհ կհամարեք։

Կարծում եմ, որ կա մեկ ֆունդամենտալ պատճառ, թե ինչու է 2018 թվականից սկսած, և հատկապես 2020 թվականի պատերազմից հետո խորհրդարանը դարձել այսպիսի անհանդուրժող վայր։ Ըստ իս՝ գլխավոր պատճառն ընդդիմության կողմից ժողովրդի ընտրության չընդունումն է եղել։ Դա սկիզբ է առել թավշյա հեղափոխության հաղթանակի օրվանից, բայց շատ ավելի ահագնացել է 44-օրյա պատերազմից հետո։ Նորմալ է, որ ընդդիմությունը չհաշտվի ընտրությունների արդյունքների հետ կամ ժողովրդի ընդունած որոշման հետ և կարծի, որ հաղթած ուժի ճանապարհը սխալ է, ուստի պետք է այլ ճանապարհ որդեգրել։ Բնական է, որ ընտրությունների հաջորդ օրվանից սկսած՝ ընդդիմությունը պետք է փորձի համոզել մարդկանց, որ իրենց ընտրությունը սխալ է եղել և ճիշտ կլիներ ընտրել ընդդիմության առաջարկած ճանապարհը։ Բայց խնդիր է, երբ ընդդիմությունը չի ընդունում ժողովրդի ընտրելու իրավունքը կամ ընտրությունը։  

Նախորդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ անդամ պատգամավորներից մեկը 2018 թվականի թավշյա հեղափոխությունն անընդհատ անվանում էր իշխանազավթում։ Այս նոր գումարման խորհրդարանում նույնպես կան պատգամավորներ, որոնք այս տարիների ընթացքում բազմաթիվ անգամ վիճարկել են ժողովրդի ընտրությունը։ Այս գումարման խորհրդարանում կա ընդդիմադիր պատգամավոր, որը 2018 թվականի հեղափոխությունն անվանում է թուրք-ադրբեջանական։ Նա վիճարկում և չի ընդունում այն փաստը, որ 2018 թվականին Հայաստանի ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը, այդ թվում՝ հրապարակներում հավաքված հարյուր հազարավոր քաղաքացիներ ընտրել էին Սերժ Սարգսյանին և Հանրապետական կուսակցությանը իշխանությունից հեռացնելու ճանապարհը՝ կատարելով ընտրություն։ Եվ դա անվանել թուրք-ադրբեջանական կամ ցանկացած այլ տեղից թելադրված գործողություն, նշանակում է նսեմացնել ժողովրդի ընտրելու իրավունքը։

Նույն կերպ ամբողջ ընդդիմությունը, որը թե՛ նախորդ, թե՛ այս գումարման խորհրդարանում գլխավորապես կամ նախկին իշխանությունների ներկայացուցիչներից է կազմված, կամ մարդկանցից, որոնք մեծապես փոխկապակցվածություն են ունեցել նախկին իշխանությունների հետ, հրաժարվել են ընդունել 2018, 2021 և հիմա էլ 2026 թվականի ընտրություններում ժողովրդի ընտրությունը։ Կրկին խոսքն ընտրությունը չընդունելու մասին է, ոչ թե կարծելու, որ այդ ընտրությունը սխալ էր կամ պետք չէր այդպիսի ընտրություն անել։ Դա ընդդիմության իրավունքն է, բայց, սիրելի ընդդիմադիր գործընկերներ, դուք պարտավոր եք ընդունել ժողովրդի ընտրությունը, մենք նույնպես»,- մանրամասնել է Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակը բերել է նրան, որ իշխանությունն էլ իր հերթին տեսնելով, որ ընդդիմությունը չի ընդունում ժողովրդի ընտրությունը, ընդդիմությանը սկսել է վերաբերվել որպես հակաժողովրդավարական, հակապետական ուժերի։

«Մեկ այլ հանգամանք է ընդդիմության կողմից խորհրդարանական աշխատանքը։ Նախորդ գումարման խորհրդարանում երկու ընդդիմադիր խմբակցությունները, որոնցից մեկը ավելի փոքր կազմով վերընտրվել է, չէր մասնակցում խորհրդարանական աշխատանքներին։

Ինչո՞ւ, որովհետև երբ դու համարում ես, որ 2018 թվականին իշխանության են եկել իշխանազավթները կամ 2018 թվականի հեղափոխությունը թուրք-ադրբեջանական պրոյեկտ էր, երբ ամբողջ քարոզարշավի ընթացքում ասում ես, որ եթե ՔՊ-ն ընտրվի, ապա հինգ օր հետո Հայաստանը կործանվելու է, բնական է, որ երբ գաս ԱԺ դահլիճ, չես կարողանալու աշխատել սովորական գործնական տրամաբանությամբ, որովհետև դու ապոկալիպտիկ քարոզարշավ ես իրականացրել, ապոկալիպտիկ բաներ ես ասել, ուստի ստեղծվում է փակ շղթա, ըստ որի՝ ընդդիմությունն իր ընտրողներին քարոզարշավից առաջ և հետո ներշնչել է այդ ապոկալիպսիսը։

Իսկ երբ ընդդիմությունը գալիս է խորհրդարան, իր ընտրողներն ասում են՝ մեկ րոպե, դու ինչպե՞ս կարող ես բարևել ՔՊ կուսակցության պատգամավորի, չէ որ ինքը դավաճան է ու սրիկա։ Արդյունքում առաջանում է ռադիկալացման փակ շրջան։ Այդ պատճառով նախորդ խորհրդարանում ընդդիմությունն իրեն հատկացված  պաշտոնները մեծամասամբ չէր վերցրել, կամ սկսզբից վերցրել էր, իսկ հետո հրաժարվել։ Արդյունքն այն էր, որ ընդդիմությունը չէր զբաղվում օրինաստեղծ աշխատանքով։ Երբ ընդդիմությունը չի ստանձնում պաշտոններ, չի մասնակցում ԱԺ աշխատանքներին, տակը մնում է քաղաքական պոլեմիկա, գոռգոռոց, միայն քաղաքական ելույթներ։

Մամուլից արդեն տեղեկացել եմ, որ «Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում վերցնել իրեն հասանելիք պաշտոնները, իսկ «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է վերցնել, ինչը ողջունում եմ և «Հայաստան» խմբակցությանը հորդորում եմ փոխել իր որոշումը, որովհետև մենք, սիրելի գործընկերներ, երդվել ենք միասին զբաղվել օրինաստեղծ աշխատանքով։

Օրինաստեղծ աշխատանքով զբաղվել չի նշանակում իրար հետ լինել նույն քաղաքական հարթության վրա, այլ նշանակում է կատարել մեր պարտքը։ Սիրելի ընդդիմադիր գործընկերներ, դուք և ձեր նախորդներն այս տարիների ընթացքում մեզ ինչ ասես անվանել եք։ Ձեր մեջ կան մարդիկ, ովքեր ինձ վիրավորել են եթերներով։ Եվ կան մարդիկ, որ իրենց բարեկիրթ են պահել։ Մեր ժողովուրդն արդեն երկու անգամ ընտրություններով տվել է իր դատավճիռը։ Իրենք ձեզ և բոլորին ասել են, որ այդ որակումների հետ համաձայն չեն։ Ժամանակն է ընդունել այդ փաստը և փոխել վերջին վեց տարիներին մեր քաղաքական դաշտում լսվող խոսույթները։

Իմ ելույթն, ըստ էության, առաջին քաղաքական ելույթն է այս գումարման ԱԺ-ում, ուստի ես առաջարկում եմ այս խորհրդարանը դարձնել սուր, բայց բարեկիրթ, մարդկային պարկեշտության սահմանները չհատող քննարկումների տեղ։ Այո, մենք տարբեր կարծիքներ ունենք գրեթե ամեն ինչի մասին, սակայն կարող ենք մի պարզ բանի շուրջ գալ կոնսենսուսի։ Մենք ընտրում ենք մարդկային պարզ բարեկրթությունն ու պարկեշտությունը միմյանց հետ այս դահլիճում փոխհարաբերվելիս»,- ասել է ԱԺ նախագահի թեկնածուն։  

Դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին՝ Ռուբինյանը նախ շնորհավորել է նրանց իրենց խմբակցությունների ղեկավար ընտրվելու առթիվ

«Ես, բնականաբար, միամիտ չեմ և չեմ ակնկալում, որ ձեր խմբակցությունների պատգամավորները քվեարկելու են ինձ՝ որպես ԱԺ նախագահ ընտրելու օգտին։ Բայց ես առաջարկում եմ այս օրը համարել զրոյական կետ իմ և ձեր հարաբերություններում, և ընդհանրապես զրոյական կետ խորհրդարանական հարաբերություններում։

Ես առաջարկում եմ իմ մատնանշած մոդելն ընդունել որպես մեր միջև կոնսենսուս՝ բարեկիրթ, սուր, նույնիսկ շատ սուր, սակայն բարեկիրթ բանավեճ և կառուցողական խորհրդարանական աշխատանք, որովհետև մեզ այստեղ չեն ուղարկել իրար հետ անընդհատ միայն քաղաքական պոլեմիկա բանեցնելու համար։ Դա էլ մաս է, բայց միայն դա չէ, մենք այստեղ եկել ենք մարդկանց խնդիրները լուծելու համար։ Եթե դրանով չենք զբաղվում, այդ դեպքում մեր աշխատանքը դառնում է ֆարս։

Եթե դուք ընդունում եք իմ առաջարկը, ապա ես երաշխավորում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից կլինի համապատասխան վերաբերմունք։ Եթե դուք չենք ընդունում իմ առաջարկը և ունեք այլ առաջարկներ կամ կարծում եք, որ պետք է շարունակել գնալ արդեն վաղուց հնացած, բազմիցս ծեծված ու տրորված ճանապարհով, ապա ՔՊ-ն առավել քան պատրաստ է դրան՝ բառիս ամենակոշտ իմաստով։

Ելույթս ուզում եմ ավարտել երախտագիտության խոսքով, ուղղված նրանց, ովքեր ընկել են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա, և մենք այսօր հնարավորություն ունենանք անկախ Հայաստանի ԱԺ-ում առաջին նիստ գումարել։ Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակել է Ռուբեն Ռուբինյանը։          

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում