Քաղաքականություն

ԱԺ առաջին նստաշրջանի մեկնարկին տեղի ունեցավ պատգամավորների երդման արարողությունը

2 րոպեի ընթերցում

ԱԺ առաջին նստաշրջանի մեկնարկին տեղի ունեցավ պատգամավորների երդման արարողությունը

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանը մեկնարկեց պատգամավորների երդման արարողությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  տարիքով ավագ լինելու բերումով նիստը վարող «քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը ընթերցեց պատգամավորի երդման տեքստը.

«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության,  մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար։ Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Երդվում եմ»։

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Հայաստան» դաշինքի պատգամավորները երդման արարողության ժամանակ նստած էին իրենց տեղերում, մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կանգնած էին և բարձրաձայն երդվեցին՝ ի տարբերություն իրենց ընդդիմադիր գործընկերների։

Այնուհետև պատգամավորները ստորագրեցին իրենց տրամադրված երդման տեքստի տակ։ Ընդդիմադիր պատգամավորները, որոնք բարձրաձայն երդվելուց հրաժարվել էին, երդման տեքստի տակ, այնուամենայնիվ, ստորագրեցին։

Մինչ երդման արարողության մեկնարկը ընդդիմադիր պատգամավորները իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում առ այն, թե ինչու ԱԺ առաջին նստաշրջանին ներկա չէ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում