Ստեղծարար աշխարհում ջնջվել են սահմանները. խոշորագույն մրցույթների ժյուրիի հայ անդամը տալիս է հաջողության բանաձևը

9 րոպեի ընթերցում

Աշխարհի խոշորագույն ստեղծարար մրցույթները, այդ թվում՝ Webby, Anthem, The Drum և Digiday մրցանակաբաշխությունները, հայտեր են ստանում բոլոր մայրցամաքների գործակալություններից։ Միաժամանակ աստիճանաբար փոխվում է նաև այն մարդկանց շրջանակը, որոնք որոշում են, թե որ աշխատանքներն են արժանի հաղթանակի։

Նախկինում գրեթե ամբողջությամբ արևմտյան մի քանի քաղաքներում ձևավորվող ժյուրիների կազմում այժմ ավելի ու ավելի հաճախ ընդգրկվում են մասնագետներ այն երկրներից և տարածաշրջաններից, որոնց ոլորտը նախկինում հազվադեպ էր ուշադրություն դարձնում։ Նրանց թվում սկսել են հայտնվել նաև հայկական անուններ։

Ինչպե՞ս է այս փոփոխությունն ընկալվում ներսից. «Արմենպրես»-ն այս հարցի պատասխանը գտնելու համար զրուցել է մրցանակաբաշխությունների միջազգային ժյուրի անդամ Էլեն Գասպարյանի հետ՝ ստեղծարար հայ երիտասարդի (Davel Creative Agency-ի ստեղծագործական տնօրեն), որը Լոս Անջելեսում աշխատում է միջազգային շուկաների հետ։ Զրույցը կենտրոնացել է մի հարցի շուրջ, որը այս փոփոխության ֆոնին ավելի ու ավելի հաճախ է հնչում․ արդյո՞ք դեռ կարևոր է, թե որտեղ է ծնվել ստեղծագործ ոլորտի մասնագետը, երբ ոլորտը գնալով ավելի հաճախ գնահատվում է մեծ աշխարհագրություն ընդգրկող միջազգային ժյուրիների կողմից։

Webby Awards մրցանակաբաշխության, որը The New York Times-ը ժամանակին ներկայացրել է որպես համացանցի բարձրագույն մրցանակ, հաղթողներին որոշում է տեխնոլոգիաների, մեդիայի և գովազդի ոլորտների առաջատար գործիչներից կազմված ակադեմիան։ Anthem Awards մրցանակաբաշխությունը նույնպես կազմակերպվում է նույն ակադեմիայի կողմից, իսկ The Drum-ը և Digiday-ը համաշխարհային մարքեթինգի և մեդիայի ոլորտում ամենաընթերցվող և հեղինակավոր անուններից են։

Գասպարյանը Թվային արվեստների և գիտությունների միջազգային ակադեմիայի գործադիր անդամ է՝ կարգավիճակ, որը շնորհվում է միայն հրավերով։ Նույն կարգավիճակն ունեն նաև համացանցի ստեղծողներից մեկը՝ Վինթ Սերֆը, Bluetooth-ի գյուտարար Յաապ Հաարթսենը, լրագրող Քեթի Քուրիքը և OpenAI Labs-ի գլխավոր մենեջեր Ջոան Ջանգը։

-Էլեն, ժյուրիի աշխատանքին ներսից նայելիս՝ ինչպե՞ս կգնահատեք՝ համաշխարհային ստեղծարար ոլորտի ուշադրությունը դեռևս կենտրոնացած է մի քանի քաղաքների շուրջ, թե ավելի մեծ աշխարհագրություն է ընդգրկում։

-Շատ ավելի քիչ, քան նախկինում, և հենց դա է այս տասնամյակի իրական պատմությունը։ Երբ աշխատանքները գնահատվում են անանուն ձևաչափով, իսկ հեղինակավոր մրցույթներն իսկապես այդպես են գնահատում, դու չես նայում պաշտոնական բլանկի վրա դրված լոգոյին։ Դու նայում ես գաղափարին։

Ես գնահատել եմ ստուդիաների աշխատանքներ, որոնց մասին նախկինում երբեք չէի լսել, այնպիսի երկրներից, որոնք շատերը նույնիսկ չէին կարողանա ցույց տալ քարտեզի վրա, և դրանք ավելի ուժեղ էին, քան հայտնի հասցեներից ներկայացված աշխատանքները։ Այսօր աստիճանաբար վերանում են այն սահմանափակումները, որոնք նախկինում գործում էին դեռ մինչև աշխատանքի՝ ժյուրիին հասնելը։

-Եվ այնուամենայնիվ, հաղթողների ցուցակներում դեռ գերիշխում են նույն խոշոր գործակալությունները։ Ինչո՞ւ է այդ բացը։

-Որովհետև հասանելիությունը և տեսանելիությունը նույնը չեն։ Փոքր շուկայում ծնված նույնիսկ փայլուն գաղափարը դեռ պետք է ներկայացվի մրցույթին, թարգմանվի, ճիշտ ձևակերպվի, իսկ երբեմն՝ պարզապես նկատվի։ Տաղանդը հավասարապես տարածված է ամենուր, իսկ այն շրջապատող ենթակառուցվածքը՝ ոչ։

Երևանում կամ Թբիլիսիում երիտասարդ թիմը կարող է հիանալի աշխատանք ստեղծել, բայց ոչ ոք նրանց չի ասում, որ այդ դուռն ընդհանրապես բաց է, ուստի նրանք նույնիսկ չեն փորձում թակել։ Ժյուրիի կազմում աշխատելու պատճառներից մեկն էլ այն է, որ ցանկանում եմ լինել այն մարդկանցից մեկը, ովքեր օգնում են այդ դուռը մի փոքր ավելի լայն բաց պահել։

-Դուք սկսել եք Ձեր սեփական ճանապարհը բանկային ոլորտից, այո՞։

-Այո, բանկում սկսել եմ աշխատել տասնութ տարեկանում, և մարդիկ միշտ զարմանում են դա լսելով։ Սակայն բանկային ոլորտն ինձ սովորեցրեց այն, ինչն իրականում ամենակարևորն է այս մասնագիտության մեջ՝ նախ հասկանալ մարդուն և  սպառողական վարքագիծը։

Ես մի քանի տարի աշխատել եմ HSBC-ում՝ վաճառքի և մարքեթինգի ոլորտներում հոգեբանությունը հասկանալով, նախքան ինձ ստեղծարար մասնագետ անվանելը։ Երբ 2017 թվականին հիմնեցինք գործակալությունը, ես պատրաստվում էի մայրանալ, մենք ֆինանսավորում չունեինք, իսկ շուկան, որտեղ կառուցում էինք մեր բիզնեսը, շատ փոքր էր։ Թղթի վրա՝ դա սխալ ժամանակն ու սխալ վայրն էր։ Այդ փորձն ինձ սովորեցրեց չվստահել «սխալ վայր» արտահայտությանը։

-2022-ին դուք ընդլայնեցիք գործակալությունը դեպի ամերիկյան շուկա։ Արդյո՞ք դա դատավճիռ էր Հայաստանի մասին. գործը պետք է հեռանա տնից, որպեսզի իրեն լուրջ վերաբերվեն։

-Ես կառարկեի «հեռանալ» բառին, որովհետև ես ոչինչ չեմ լքել։ Ես ընդլայնվել եմ։ Գործակալությունը մուտք գործեց նոր շուկաներ, և այսօր ես այն ղեկավարում եմ Լոս Անջելեսից, բայց Հայաստանը երբեք այնպիսին չի եղել, որ ես հավաքեմ ու հեռանամ։ Այն, ինչ ուզում էի, ապացուցելն էր՝ առաջին հերթին ինքս ինձ, որ փոքր շուկայում կառուցված գործը կարող է կանգնել ամենամեծի կողքին։ Կարողացավ։ Մեզ դասակարգում էին մեզնից բազմակի անգամ մեծ գործակալությունների կողքին, և մեր գործը ոսկի նվաճեց, մի քանի անգամ։ Ես երիտասարդներին դա չեմ պատմում՝ տպավորելու համար։ Պատմում եմ, որ նրանք դադարեն թույլտվության սպասել։

-Ձեր լոս անջելեսյան արշավներից մեկը՝ «See Me, Not My Cancer»-ը, շատ ավելի հեռուն գնաց։ Ի՞նչ սովորեցրեց դա Ձեզ, ո՞ր աշխատանքներն են կարողանում հատել սահմանները։

-Սահմաններն անցնում են մարդկային գաղափարները, ոչ թե պարզապես խելացի գաղափարները։ Այս արշավը, որը ստեղծվել էր այստեղ գործող՝ քաղցկեղի աջակցության համայնքի համար, շատ պարզ գաղափար ուներ՝ նախ տեսնել մարդուն, ապա միայն նրա ախտորոշումը։

Այն որևէ կոնկրետ մշակույթի հետ կապված չէր, և հենց դրա շնորհիվ արձագանք գտավ Լոս Անջելեսից շատ հեռու, ու ստիպեց այլ համայնքների դիմել մեզ իրենց տարբերակը ստեղծելու խնդրանքով։ Միտքը տեղային է։ Արժանապատվությունը՝ համամարդկային։ Երբ ես գնահատում եմ աշխատանքները որպես ժյուրիի անդամ, հենց այս չափանիշով եմ միշտ դրանք դիտարկում։

-Երբ սկսում եք գնահատել մրցութային աշխատանքը, ի՞նչն է իրականում տարբերում հաղթողներին։

-Սովորաբար՝ զսպվածությունը։ Երիտասարդ ստեղծարարները կարծում են, թե ժյուրին պարգևատրում է ամենաաղմկոտ և ամենաշատ ձևավորումներով աշխատանքը։ Գրեթե երբեք այդպես չի լինում։

Երկար օրվա վերջում, հոգնած ժյուրիի անդամներով լի սենյակում, հիշվում է հստակ գաղափարը, որը հարգում է լսարանին։ Ես կնախընտրեմ մեկ անկեղծ միտք՝ պարզ ձևով իրականացված, քան տասը էֆեկտ, որոնք թաքցնում են գաղափարի բացակայությունը։ Եվ կարևոր չէ՝ աշխատանքը ներկայացրել է խոշոր ցանցային գործակալությունը, թե նոթբուքով աշխատող երկու հոգուց բաղկացած թիմը։

-Ի՞նչ եք ասում այն երիտասարդ հայ ստեղծարարներին, ովքեր գրում են Ձեզ՝ համոզված լինելով, որ համաշխարհային ոլորտն իրենց համար փակ է։

-Աշխարհագրությունը սահման չէ։ Եթե Ձեր աշխատանքն ուժեղ է, շուկան կգտնի Ձեզ, բայց միայն այն դեպքում, եթե թույլ տաք, որ այն տեսանելի դառնա։

Դադարեք անընդհատ կրկնել այն պատճառները, թե ինչու Ձեզ լուրջ չեն ընդունի, և պարզապես ներկայացրեք Ձեր աշխատանքը։ Կարևոր է ոչ միայն անձնական հաջողության հասնելը, այլև օգտակար բան ստեղծելը՝ մի բան, որը կարող է փոխել մարդկանց մտածելակերպը։ Այս ոլորտում շատ ավելի շատ հնարավորություններ կան, քան շատերին թվում է։

-Իսկ ի՞նչ կցանկանայիք փոխել հայկական կողմում։

-Կցանկանայի, որ վստահությունը հասներ տաղանդի մակարդակին, որովհետև տաղանդն արդեն կա։ Մենք կարիք չունենք դառնալու ուրիշների պատկերացրած ստեղծարար կենտրոնը։ Պետք է ներկայանանք այնպիսին, ինչպիսին կանք, և վստահենք, որ մեզ կհասկանան։

Ամեն անգամ, երբ հայկական անուն է հայտնվում ժյուրիի կազմում կամ հաղթողների ցուցակում, Գյումրիից կամ Վանաձորից մեկ այլ երիտասարդի համար մի փոքր ավելի հեշտ է դառնում հավատալ, որ դա հնարավոր է։ Հենց սա է պատճառը, որ այս ամենի մասին արժե խոսել։

Հարցազրույցը՝ Նանե Իսահակյանի

Հայերեն English Русский

Կառավարությունը երկարաձգել է ջերմատնային ապրանքների արտահանման փոխհատուցումը

ԱԺ առաջին  նիստ, կառավարության հրաժարական, վարչապետի նշանակում. ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին

«Արմենպրես»-ը Սինծիան մեդիատուրի ընթացքում ուսումնասիրել է չինական արագընթաց զարգացման փորձը

«Մուդիս»-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը «կայունից» վերանայել է «դրականի»

Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանին. քննարկվել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորությունները

Իրանում ԱՄՆ-ի գրոհի հետևանքով զոհվել է ԻՀՊԿ-ի երեք զինվորական

Գերմանիայում տարեսկզբից գրեթե 10 հազար մարդ է մահացել շոգի հետևանքների պատճառով

ԵՄ-ն Ուկրաինային լրացուցիչ ավելի քան 8 միլիարդ եվրո կհատկացնի 2026 թվականին

Հեգսեթը Նեթանյահուի հետ քննարկել է ռազմական համագործակցության խորացման հարցերը

Նավագնացությունը Հորմուզի նեղուցով ակտիվացել է. Bloomberg