3 րոպեի ընթերցում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը որակել է «գերազանց» և երբևէ ունեցած «լավագույններից մեկը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
Հանդիպումը տեղի է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ փակ դռների հետևում. լրագրողներ չեն հրավիրվել, և մամուլի ասուլիս չի անցկացվել։
Օվալաձև աշխատասենյակում երկու ղեկավարների համապատասխան պատվիրակությունների մասնակցությամբ անցկացված հանդիպումը ութերորդն էր Թրամփի՝ 2025 թվականի սկզբին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։
Հանդիպումը տեղի է ունեցել երկու առաջնորդների միջև հարաբերությունների լարվածության մասին լուրերի ֆոնին, և Թրամփը հանդիպումից անմիջապես առաջ իր դժգոհությունն էր հայտնել Նեթանյահուից։
Սակայն Նեթանյահուն հերքել է ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում լարվածության մասին լուրերը։
«Դա հանդիպում էր լիակատար համագործակցությամբ, փոխադարձ աջակցությամբ, Իրանի միջուկային զենք չունենալու համատեղ նպատակի շուրջ փոխըմբռնմամբ, ինչպես նաև այլ նպատակների վերաբերյալ», - ասել է նա հանդիպումից կարճ ժամանակ անց։
«Սա մեր ընկերոջ՝ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ ունեցած լավագույն զրույցներից մեկն էր, և հնարավորություն՝ մտքեր փոխանակելու, ինչպես նաև համակարգելու այն հարցերը, որոնք կարևոր են Իսրայելի անվտանգության և ապագայի համար», - շեշտել է Նեթանյահուն։
Ըստ Նեթանյահուի գրասենյակի հրապարակած լուսանկարների՝ Օվալաձև աշխատասենյակում ներկա են եղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը նշել է, որ Նեթանյահուի հետ բանակցությունները, ինչպես նաև Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ ավելի վաղ կայացած հանդիպումը «դրական և արդյունավետ» են եղել: