Առանձնահատուկ պահանջարկ ունեցող 49 համարանիշերի աճուրդից պետական բյուջե է մուտքագրվել 892 միլիոն դրամ
2 րոպեի ընթերցում

2024 թվականի փետրվարի 1-ից մինչև օրս էլեկտրոնային աճուրդով օտարվել է առանձնահատուկ պահանջարկ ունեցող 49 հաշվառման համարանիշ, որոնց վաճառքից գոյացել է 892 միլիոն դրամ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ներքին գործերի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանը։
«Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի էլեկտրոնային աճուրդով տրամադրման գործընթացը գործում է 2024 թվականի փետրվարի 1-ից։ Մինչ օրս օտարվել է 49 առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշ, ինչի արդյունքում գոյացել է 892 միլիոն դրամ, որն ուղղվում է պետական բյուջե»,- ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով՝ մեծ պահանջարկ ունեցող նոր չափորոշիչներով համարանիշերը տրամադրվել են ընդամենը երեք օր, սակայն այդ ընթացքում արդեն օտարվել է 224 համարանիշ։
«Երեք օրվա ընթացքում տրամադրվել է 224 հաշվառման համարանիշ, որի արդյունքում գոյացել է 234 միլիոն 400 հազար դրամ։ Նոր չափորոշիչներով՝ ամենամեծ պահանջարկը գրանցվել է 600 հազար դրամ արժողությամբ համարանիշերի նկատմամբ։ Երեք օրվա ընթացքում օտարվել է այդ արժեքով 165 համարանիշ»,- նշեց Գևորգյանը։