Մշակույթ

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

4 րոպեի ընթերցում

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն է։

Նոր թատրոն հիմնելու գաղափարը, Հակոբ Ղազանչյանը դեռ տարիներ առաջ ուներ։ Այն առավել ամրապնդվեց ու գործնական երանգներ ստացավ «Գալյա Նովենց» թատերական դպրոցում դասավանդելու, երիտասարդների հետ աշխատելու ժամանակ։

«Թատրոնի անունը պատահական չէ ընտրված, այն սկզբունքային նշանակություն ունի ինձ համար։ Մենք փորձելու ենք զարկ տալ հայ ժամանակակից դրամատուրգիային, նաև ջանք գործադրել, որ հայ-ռուսական թատերական կապերը շարունակեն ամրապնդվել։ Ռուսական թատրոնը աշխարհի հզոր թատրոններից է, որի ազդեցության տակ ձևավորվեց նաև 20-րդ դարի հայ թատրոնը»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։

Թատրոնի հիմնադրմանն ու գործունեությանն աջակցում է «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպությունը։ Հակոբ Ղազանչյանը, տարբեր նախաձեռնությունների շրջանակում կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի հետ համագործակցության հարուստ փորձ ունի, և այս նոր նախաձեռնությունը համատեղ կյանքի կոչելը պատահական չէ։

«Մեր կազմակերպությունն ակտիվ գործում է մշակույթի դաշտում։ Ինքս էլ չզգացի թե ինչպես թատրոնի հզոր ուժը ինձ` որպես փորձառու հանդիսատեսի, վերածեց թատերական գործի կազմակերպչի։ Այս ոլորտում համագործակցության մեծ դաշտ կա, ավելորդ չէ ասել, թե Ռուսաստանի մշակութային կյանքում ինչպիսի ներդրում ունեն հայ գործիչները։ Հայ-ռուսական մշակութային ժառանգությունը միայն անցյալին վերաբերող թեմա չէ, այն նաև ներկա իրողություն է։ Ես տեսնում եմ, թե ինչ հետաքրքրությամբ են հայկական թատրոնները մասնակցում Ռուսաստանի միջազգային փառատոններին և թե ինչ սիրով են ռուսական թատերական խմբերը Հայաստան այցելում»,-ասաց Յուրի Նավոյանը։

Թատրոնը գործելու է Հայաստանի թատերական գործիչների միության շենքում՝ վարձակալելով դահլիճը։ Գեղարվեստական ղեկավարը Հակոբ Ղազանչյանն է, իսկ թե ով է թատրոնի տնօրենը, պարզ կլինի առաջիկայում։ Անդրադառնալով դերասանական կազմին՝ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ հիմնականում ներգրավված են լինելու «Գալյա Նովենց» թատերական դպրոցի ավարտական փուլում գտնվող սաները։

«Թատրոնն իր գործունեությունը պաշտոնապես սկսելու է սեպտեմբերի 15-ին Ալեքսանդր Վոլոդինի «Մորուքավորի 7 կանայք» ներկայացմամբ։ Այն «Գալյա Նովենց» թատերական դպրոցի շրջանավարտների ավարտական աշխատանքն է։ Թատրոնի խաղացանկում ընդգրկված են լինելու շրջանավարտների ավարտական մյուս աշխատանքները ևս»,-ասաց Հակոբ Ղազանչյանն՝ ավելացնելով, որ շեշտը դնելու են հիմնականում ժամանակակից դրամատուրգիայի վրա։  

Թատրոնը նախատեսում է ակտիվորեն մասնակցել միջազգային տարբեր փառատոնների և հյուրախաղերով լինել ինչպես Հայաստանի տարբեր մարզերում, այնպես էլ երկրից դուրս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում