Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
4 րոպեի ընթերցում

Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և մի շարք գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ հուլիսի 4-12-ը Երևանում անցկացվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը նվաճել է ոսկե մեդալ՝ մրցաշարի ընթացքում գրանցելով 6 անընդմեջ հաղթանակ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍ-ից, նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է հավաքականի անդամներին՝ ողջունելու և շնորհավորելու նրանց:

Հանդիպմանը ներկա էր նաև Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:
«Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել, քանի որ վերջին և միակ անգամ այս տարիքային խմբում հաղթանակ գրանցվել էր գրեթե 10 տարի առաջ: Անգնահատելի են այն հպարտության ու ոգևորության զգացումները, որ պարգևեցիք մեզ: Ֆեդերացիայի, մարզչական կազմի ու թիմի հետ մեր համատեղ ջանքերը տվեցին ցանկալի արդյունքը: Ուզում եմ վստահ լինեք, որ շարունակելու ենք աջակցել բասկետբոլի զարգացմանը: Ձեր այսօրվա հաղթանակները, հուսով եմ, դառնալու են ավելի մեծ հաղթանակների սկիզբ»,- ողջունելով մարզիկներին՝ ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը և շնորհակալություն հայտնել նրանց հետևողական ջանքերի, հաղթական արդյունքի և դիտարժան խաղերի համար:
Ընդգծելով բասկետբոլ մարզաձևի մասսայականացման պետության քաղաքականությունը՝ նախարարը հիշատակել է վերջին երկու տարում իրականացվող Բասկետբոլի լիգայի մրցումները, որոնց այս տարի ավելի քան 8800 դպրոցականներ են մասնակցել: Նա վստահություն է հայտնել, որ ստեղծվող մարզական նոր ենթակառուցվածքների ավելացումը կնպաստի մասնակիցների թվի բազմապատկմանը: «Կառավարության հաջորդ ծրագրում նախատեսված է կոմբինացված 100 մարզահրապարակի կառուցում տարբեր բնակավայրերում, որոնց բաղադրիչներից մեկը բասկետբոլն է լինելու»,- նշել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է թիմային մտածելակերպի ձևավորումը, որը հաղթանակների գրանցման առաջնային նախադրյալն է: Նա նաև ընդգծել է՝ տարբեր մրցաշարերի անցկացումը հանրության շրջանում ձևավորում է խաղերին հետևելու մշակույթ՝ որպես սպորտային ժամանցի ձև: Նախարարը մարզիկների հետ զրույցի ընթացքում հետաքրքրվել է՝ ինչպես էին տրամադրված խաղին, առհասարակ ինչ հետաքրքրություններ ունեն, շարունակելու են իրենց գործունեությունը սպորտի ոլորտում և այլն: Ի պատասխան՝ մարզիկներն ընդգծել են՝ խաղին մասնակցել են մեկ նպատակադրմամբ՝ «ոչ մի պարտություն, գնում ենք դեպի ոսկե մեդալ»:
Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանը շնորհակալություն է հայտնել պետության աջակցությամբ մրցաշարն անցկացնելու համար՝ նշելով, որ միջազգային ֆեդերացիան բարձր է գնահատել մրցաշարի անցկացումը, և պետության հետ համագործակցության արդյունքում Հայաստանը բարձր վարկանիշ է գրանցել: Նա համառոտ ներկայացրել է ֆեդերացիայի առաջիկա անելիքներն ու ծրագրերը՝ ուղղված մարզաձևի զարգացմանը:
Հիշեցնենք, որ եզրափակչում Հայաստանի մինչև 16 տարեկանների ընտրանին 97:68 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Մալթայի թիմի նկատմամբ՝ դառնալով մրցաշարի հաղթող: