Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո
3 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Հորմուզի նեղուցով նավերի անցման համար Իրանի կողմից վճարի գանձման դեպքում համանման իրավիճակ կարող է առաջանալ աշխարհի այլ մասերում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս դիրքորոշումը նա հայտնել է Մանիլայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ունեցած ելույթի ժամանակ, որի տեսանյութը տարածել է DRM News-ը։
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Իրանը պահանջում է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու իրավունք, որը «չունի գործող իրավական մեխանիզմներից ոչ մեկով»։
«Եթե մենք ստեղծենք նախադեպ Մերձավոր Արևելքում, երբ մի պետություն որոշում է վերահսկողություն հաստատել միջազգային ծովային ուղու նկատմամբ, գանձել վճար նավերի անցման համար և կրակ բացել այն նավերի վրա, որոնք հրաժարվում են վճարել, ապա մենք կստեղծենք նախադեպ, որը կարող է կրկնվել աշխարհի այլ մասերում, այդ թվում՝ այս տարածաշրջանում», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նա հավելել է, որ այսպիսով վտանգի տակ են հայտնվել նավագնացության ազատության հիմնարար սկզբունքները։
«Իսկ եթե դա սպառնալիքի ենթարկվի, ապա կարծում եմ, որ սպառնալիքի տակ կհայտնվեն համաշխարհային տնտեսությունը և այն կանոնները, որոնց վերջին 150 տարվա ընթացքում ենթարկվում է միջազգային առևտուրը», - հավելել է նա։
ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ Թեհրանը դիմել է Վաշինգտոնին՝ զինված հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների համար, բայց ԱՄՆ-ն չի կարծում, թե Իրանը լուրջ է տրամադրված։
«Իրանը դիմել է Միացյալ Նահանգներին ինչպես ուղղակիորեն, այնպես էլ միջնորդների միջոցով՝ աշխարհի այդ մասում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ տարաձայնությունների կարգավորման շուրջ բանակցությունների հարցով, - ասել է նա։ - Խնդիրն այն է, որ նրանք լուրջ չեն տրամադրված բանակցություններին»։
Ռուբիոյի խոսքով, եթե Թեհրանը «լուրջ տրամադրվածություն» ցուցաբերի բանակցություններին, նույն բանը կանի Վաշինգտոնը։
«Հակառակ դեպքում մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ՝ պաշտպանելու մեր շահերը և մեր դաշնակիցների շահերը», - հավելել է պետքարտուղարը:
Նա միևնույն ժամանակ շեշտել է՝ ԱՄՆ-ն պատրաստ է և ցանկանում է ներգրավվել դրական, կառուցողական բանակցություններում։