ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին

3 րոպեի ընթերցում

Businessman typing on laptop computer keyboard at desk in office.

Հայաստանում առաջարկվում է ընդլայնել արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների հասանելիության պետական աջակցության ծրագրի շահառուների շրջանակը՝ դրանում ներառելով ստարտափներին, տեխնոլոգիական ընկերություններին և համապատասխան կրթություն ունեցող մասնագետներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մշակած նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Գործող ծրագրով նախատեսված բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսները՝ գրաֆիկական և կենտրոնական պրոցեսորների աշխատանքային ժամերը, օպերատիվ հիշողությունն ու տվյալների պահպանման տարածքը, օգտագործվում են արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և գործարկման համար։

Փոփոխությունների ընդունման դեպքում ծրագրին կարող են դիմել բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում սովորող անձինք, ինչպես նաև բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետները։

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում ծրագրին կարող են մասնակցել նաև Հայաստանում վերջին հինգ տարում գրանցված ստարտափներն ու ընկերությունները, որոնք իրականացնում են նորարարական կամ տեխնոլոգիական նախագծեր։

Աջակցությունը կարող է տրամադրվել ծրագրային ապահովման, արհեստական բանականության, տվյալագիտության, մեքենայական ուսուցման, կիբեռանվտանգության, ամպային և եզրային հաշվողական տեխնոլոգիաների, վիրտուալ ու ավելացված իրականության, քվանտային տեխնոլոգիաների, առաջադեմ ինժեներիայի, բիոինժեներիայի, բժշկական, տիեզերական և կայուն տեխնոլոգիաների ոլորտներում նախագծեր իրականացնողներին։

Ծրագրի նպատակներում նախատեսվում է ներառել նաև դիփ-թեք տեխնոլոգիաների, խելացի թվային համակարգերի, նախատիպավորման և ներկառուցված համակարգերի զարգացումը։

Հայտի լրացման գործընթացը կպարզեցվի։ Դիմողի անձնական, կրթական, գրանցման, հարկային և գործունեության վերաբերյալ տվյալների մի մասը պետական տեղեկատվական համակարգերից հարթակում կլրացվի ինքնաշխատ եղանակով։

Ֆիզիկական անձանց տվյալները կստացվեն բնակչության պետական ռեգիստրից և կրթական տեղեկատվական համակարգերից, իսկ ընկերությունների վերաբերյալ տվյալները՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից և Պետական եկամուտների կոմիտեի համակարգերից։

Հիմնավորման համաձայն՝ ծրագրի իրականացման նպատակով 2026 թվականի հունվարին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Amazon Web Services ընկերության միջև կնքվել է համաձայնագիր, որով սահմանվել են հաշվողական ծառայությունների տրամադրման, վճարման և հաշվետվողականության պայմանները։

Ռեսուրսները շահառուներին կտրամադրվեն GPU և CPU ժամերի, հիշողության ու տվյալների պահպանման տարածքի սահմանաչափերով։ Նախատեսվում է նաև մենթորական աջակցություն։

Նախագծի ընդունմամբ 2026 թվականին պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվի։

Հայերեն Русский

Ռուբինյանը պարզաբանել է, թե ինչու Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում ներառելը տրամաբանական չի համարում

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս կան լուծում պահանջող հարցեր․ ՄԻՊ-ի ուղերձը Երեխաների համաշխարհային օրվա առթիվ

Ուկրաինան հրթիռների և ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Արտաշատում բացվել է վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա

Հիմնանորոգվել է Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ բնակավայրերը կապող 14 կմ ճանապարհը

ԱԺ նախագահն ընդդիմությանը կոչ է արել չխոչընդոտել սահմանադրական հանրաքվեին և գլխավորել «Ոչ»-ի շտաբը

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. հոկտեմբեր, 2026

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Հայաստանում հիմնվում է ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության կենտրոն. ARCS-ai-ի նոր նախաձեռնությունը

Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ-ի համար արժեցել է 48 միլիարդ դոլար