Բարձր տեխնոլոգիաներ

ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին

3 րոպեի ընթերցում

Businessman typing on laptop computer keyboard at desk in office.
Businessman typing on laptop computer keyboard at desk in office.

Հայաստանում առաջարկվում է ընդլայնել արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների հասանելիության պետական աջակցության ծրագրի շահառուների շրջանակը՝ դրանում ներառելով ստարտափներին, տեխնոլոգիական ընկերություններին և համապատասխան կրթություն ունեցող մասնագետներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մշակած նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Գործող ծրագրով նախատեսված բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսները՝ գրաֆիկական և կենտրոնական պրոցեսորների աշխատանքային ժամերը, օպերատիվ հիշողությունն ու տվյալների պահպանման տարածքը, օգտագործվում են արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և գործարկման համար։

Փոփոխությունների ընդունման դեպքում ծրագրին կարող են դիմել բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում սովորող անձինք, ինչպես նաև բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետները։

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում ծրագրին կարող են մասնակցել նաև Հայաստանում վերջին հինգ տարում գրանցված ստարտափներն ու ընկերությունները, որոնք իրականացնում են նորարարական կամ տեխնոլոգիական նախագծեր։

Աջակցությունը կարող է տրամադրվել ծրագրային ապահովման, արհեստական բանականության, տվյալագիտության, մեքենայական ուսուցման, կիբեռանվտանգության, ամպային և եզրային հաշվողական տեխնոլոգիաների, վիրտուալ ու ավելացված իրականության, քվանտային տեխնոլոգիաների, առաջադեմ ինժեներիայի, բիոինժեներիայի, բժշկական, տիեզերական և կայուն տեխնոլոգիաների ոլորտներում նախագծեր իրականացնողներին։

Ծրագրի նպատակներում նախատեսվում է ներառել նաև դիփ-թեք տեխնոլոգիաների, խելացի թվային համակարգերի, նախատիպավորման և ներկառուցված համակարգերի զարգացումը։

Հայտի լրացման գործընթացը կպարզեցվի։ Դիմողի անձնական, կրթական, գրանցման, հարկային և գործունեության վերաբերյալ տվյալների մի մասը պետական տեղեկատվական համակարգերից հարթակում կլրացվի ինքնաշխատ եղանակով։

Ֆիզիկական անձանց տվյալները կստացվեն բնակչության պետական ռեգիստրից և կրթական տեղեկատվական համակարգերից, իսկ ընկերությունների վերաբերյալ տվյալները՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից և Պետական եկամուտների կոմիտեի համակարգերից։

Հիմնավորման համաձայն՝ ծրագրի իրականացման նպատակով 2026 թվականի հունվարին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Amazon Web Services ընկերության միջև կնքվել է համաձայնագիր, որով սահմանվել են հաշվողական ծառայությունների տրամադրման, վճարման և հաշվետվողականության պայմանները։

Ռեսուրսները շահառուներին կտրամադրվեն GPU և CPU ժամերի, հիշողության ու տվյալների պահպանման տարածքի սահմանաչափերով։ Նախատեսվում է նաև մենթորական աջակցություն։

Նախագծի ընդունմամբ 2026 թվականին պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում