Իրավունք

Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն

4 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն

Երևան-Աբովյան խճուղու 5 հասցեում գործող «Օ․ Ք․» ՍՊ ընկերությունում, որը հանրությանն առավել հայտնի է որպես զվարճանքի և ժամանցի կենտրոն կամ խաղատուն, բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից։

 

«ՀՀ ՊԵԿ հետաքննության  և օպերատիվ հետախուզության վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի` Երևան-Աբովյան խճուղու 5 հասցեում գործող «Օ․ Ք․» ՍՊ ընկերությունը, որը հանրությանն առավել հայտնի է որպես զվարճանքի և ժամանցի կենտրոն կամ խաղատուն, գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում: Այս ամենի հետևանքով ընկերության պատասխանատու անձանց կողմից թերհայտարարագրվում են իրացման իրական շրջանառությունները, ինչի արդյունքում պակաս են հաշվարկվում բյուջե վճարվող հարկային պարտավորությունները։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, որպես հաճախորդներ կապ են հաստատել ընկերության համապատասխան աշխատակիցների հետ՝ ընկերության կողմից կազմակերպվող միջոցառումների փաստացի գնացուցակին ծանոթանալու նպատակով: Վերջիններս, չգիտակցելով այն հանգամանքը, որ հաճախորդները հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության քողարկված աշխատակիցներ են, հայտնել են միջոցառումների իրական գնացուցակի տվյալները, միաժամանակ տեղեկացրել են, որ անկախ հյուրերի քանակից, սրահը տրամադրվում է 12 մլն․ ՀՀ դրամից ոչ պակաս արժեքով։

Ճշտվել են նաև հանգստի և ժամանցի վայրի այն տարածքները, որտեղ կարող են առկա լինեն ընկերության իրացման շրջանառության վերաբերյալ թվային և փաստաթղային արժանահավատ տվյալներ։

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ստացված տվյալները մանրամասն վերլուծել են, մշակել են միջոցառումների կատարման հաջորդականությունը և անցել են բացահայտ գործողությունների։ Միջոցառումների շրջանակներում համաժամանակյա հետազոտվել են համակարգիչներում առկա ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները,  ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը: Ձեռք բերված տվյալները համադրվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանների վերաբերելի հարկային հաշվարկների տվյալների հետ, արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից 2025-26թթ-ին կազմակերպված թվով 25 խնջույքներից ձևավորված 300 մլն․ ՀՀ դրամ գումարի չափով հասույթը չի արտացոլվել հարկային մարմին ներկայացված հաշվարկներում։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 82 մլն․ ՀՀ դրամ»,– նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ  ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով  նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողների զերծ մնալ նման վարքագծից և գործել թափանցիկ, իսկ քաղաքացիներին հորդորում է պահանջել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ վճարային փաստաթղթեր։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում