Շիրակի մարզպետի գլխավորությամբ ամփոփվել են մարզային բուժհաստատությունների ֆինանսական ցուցանիշները
2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող բժշկական հաստատությունների ֆինանսավորումը 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 1 մլրդ 452 մլն 830 հազար դրամ, որից 1 մլրդ 41 մլն 564 հազար դրամը՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում մատուցված ծառայությունների դիմաց։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս ցուցանիշները ներկայացվել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ՝ հուլիսի 15-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բուժհաստատությունների գործունեության առաջին կիսամյակի հաշվետվությունները, կատարված աշխատանքները, ֆինանսական ցուցանիշները, լիցենզավորման գործընթացը, կապիտալ ծրագրերը, ինչպես նաև առկա խնդիրներն ու զարգացման առաջնահերթությունները։
Դավիթ Առուշանյանն ընդգծել է, որ առողջապահությանը վերաբերող հիմնախնդիրները մշտապես լինելու են իր ուշադրության կենտրոնում, քանի որ գործ ունեն մարդկային կյանքերի հետ։ Նա կարևորել է յուրաքանչյուր բուժհաստատության արդյունավետ ու պատասխանատու գործունեությունը և նշել, որ մարզպետի աշխատակազմը, իր իրավասությունների շրջանակում, շարունակելու է լինել բուժհաստատությունների կողքին՝ աջակցելով ոլորտում առկա խնդիրների լուծմանը։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բուժհաստատությունների մասնագետներով ապահովվածությանը և հաստիքացուցակներին։ Կարևորվել է միջին և կրտսեր բուժանձնակազմի, ինչպես նաև վարչական աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը։
Ամփոփելով հանդիպումը՝ Շիրակի մարզպետը հանձնարարել է վերանայել յուրաքանչյուր բուժհաստատության ֆինանսական կարողությունները և, հնարավորության դեպքում, դիտարկել նաև այն աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը, որոնք նախորդ բարձրացման փուլում դուրս էին մնացել գործընթացից։