Tripp+ հիմնադրամը կղեկավարի Կոնստանտին Սոկոլովը
4 րոպեի ընթերցում

Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կաշխատի որպես ԱՄՆ պետքարտուղարության նոր ձեռնարկատիրական հիմնադրամի՝ Tripp+-ի նախագահ, որը պետք է վերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը՝ ներառյալ տրանսպորտի, էներգետիկ ենթակառուցվածքների և կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը՝ նշելով, որ Պետքարտուղարությունը հաստատել է Ռուսաստանում ծնված Սոկոլովի նշանակումը։
Tripp+ ձեռնարկատիրական հիմնադրամը, որի հիմնադիրն ու նախագահը Սոկոլովն է, իր անունը ստացել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծից: Ըստ The Guardian-ի՝ Պետքարտուղարության ներկայացուցիչներից մեկը նշել է, որ 201 միլիոն դոլարի հիմնադրամը լիազորված է բաժնետիրական ներդրումներ կատարել, վարկեր և դրամաշնորհներ տրամադրել՝ խթանելով մասնավոր հատվածի ռազմավարական զարգացումը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում:
Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ հիմնադրամը կհետևի գործող օրենսդրական պահանջներին, այդ թվում՝ կներկայացնի տարեկան հաշվետվություն և կիրականացնի անկախ աուդիտներ՝ թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովելու համար, ինչպես նաև կհետևի կիրառելի դրամաշնորհային դրույթներին, ներառյալ շահերի բախման պահանջները։
The Guardian-ը հիշեցնում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին Երևան կատարած այցի ժամանակ Tripp+ հիմնադրամը բնութագրել է որպես «պատմական վերափոխման» մի մաս, որը «կբացի առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի միանգամայն նոր աշխարհ»:
Սոկոլովը Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերության՝ Viva Armenia-ի խոշոր բաժնետեր է և պաշտոններ է զբաղեցնում Northern Pillar Energy Consortium-ում՝ Եվրոպան և Աֆրիկան միացնող մաքուր էներգիայի և օպտիկամանրաթելային ստորջրյա մալուխային նախաձեռնությունում, ինչպես նաև Pelagos Data Centres-ի նախագահն է։
Նա նաև IJS Investments-ի՝ Չիկագոյում գործող մասնավոր ներդրումային ընկերության հիմնադիրն է. ընկերությունը մասնագիտանում է «ապագային պատրաստ» էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտում։ Նա նաև հիմնադրել է Gotthard Investment AG-ի՝ Ցյուրիխում գործող մասնավոր ներդրումային ընկերությունը, որը կենտրոնացած է ֆինանսական ծառայությունների, էներգետիկայի և գլոբալ անշարժ գույքի վրա։
The Guardian-ը շեշտում է, որ Սպիտակ տան միջնորդությամբ 2025 թ. օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո Թրամփի վարչակազմն աննախադեպ քայլեր է ձեռնարկել Հայաստանի հետ իր կապերը խորացնելու համար՝ 9 միլիարդ դոլար հատկացնելով երկրի միջուկային էներգետիկայի ոլորտի խթանմանը, Հայաստանի կառավարությանը վաճառելով 11 միլիոն դոլարի ամերիկյան արտադրության հետախուզական անօդաչու թռչող սարքեր, ինչը նշանավորեց ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ռազմական տեխնոլոգիաների առաջին վաճառքը։