Իրան

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ

Իրանը գրանցել է փոխըմբռնման հուշագրի առնվազն 42 էական խախտում Միացյալ Նահանգների կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է նամակում, որը ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին հղել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը փաստաթղթերով հիմնավորել է Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի բացահայտ և էական խախտման 42 դեպք Միացյալ Նահանգների կառավարության կողմից», - փաստաթղթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Իրանցի դիվանագետը նշել է, որ «հուշագրի ստորագրումից գրեթե անմիջապես հետո և մինչ օրս» Միացյալ Նահանգները մշտապես խախտել է իր պարտավորությունները։

«ԱՄՆ-ն ագրեսոր է, այլ ոչ թե զոհ, - ընդգծվում է նամակում: - Խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ կանխամտածված հարձակումներն իրենցից ներկայացնում են ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ»։

Միացյալ Նահանգները և Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ փետրվարի 28-ին: Հունիսի 18-ին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է  մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Այնուհետև Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ Շվեյցարիայի Բյուրգենշտոկ հանգստավայրում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները հուշագրի իրականացման վերաբերյալ։

Սակայն հուլիսի 8-ի գիշերն ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի դեմ լայնածավալ հարվածները՝ մեղադրելով նրան ձեռք բերված համաձայնությունների պայմանների խախտման համար՝ կապված Հորմուզի նեղուցին վերաբերող կետի հետ։ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հուլիսի 13-ին հայտարարել է, որ Թեհրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը, իսկ դրա չկատարման ամբողջ պատասխանատվությունը կրում է Վաշինգտոնը:

Կողմերի միջև ինտենսիվ հարվածներ են ընթանում արդեն չորս օր շարունակ։ ԱՄՆ-ն թիրախավորում է Իրանում տարբեր օբյեկտներ, Թեհրանն էլ հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրներում ամերիկյան թիրախների։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում