Իրան

ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ գիշերը Հորմուզի նեղուցի մոտակայքում և Իրանի ափամերձ հատվածներում հարվածներ է հասցրել տասնյակ ռազմական թիրախների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X հարթակում գրառման մեջ CENTCOM-ը նշել է, որ 7 ժամ տևած գրոհի ընթացքում թիրախավորվել են Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կայանները, ռազմածովային կարողությունները և ափամերձ պաշտպանության համակարգերը։ Հարվածների նպատակն է եղել «էլ ավելի նվազեցնել առևտրային նավագնացությանը և քաղաքացիական անձնակազմերին սպառնալու Իրանի կարողությունը»։

CENTCOM-ը նաև շեշտել է, որ հուլիսի 14-ի երեկոյան կրկին ուժի մեջ է մտել ԱՄՆ ուժերի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը, որի ընթացքում կարգելվի Իրանից և դեպի Իրան նավերի մուտքն ու ելքը։ Շրջափակումն իրագործելու համար Մերձավոր Արևելքում տեղակայված է 20-ից ավելի ռազմանավ և հարյուրավոր ռազմական ինքնաթիռներ, հավելել է հրամանատարությունը։

Իրանական կողմը նույնպես հայտնել է ամերիկյան հարվածների մասին։ Ըստ IRIB պետական ​​հեռարձակող ընկերության՝ հուլիսի 15-ի առավոտյան երկրի հարավ-արևմտյան Հովեյզե քաղաքում հարվածի տակ է հայտնվել ցորենի շտեմարան։ Հուլիսի 14-ին ամերիկյան արկերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքի շրջակայքին։ ​​IRNA լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ ամերիկյան արկերը հարվածել են հարավային Սիրիկ քաղաքի մոտակայքում գտնվող տարածքի։ Ըստ Fars գործակալության՝ Դեհլորան քաղաքում ամերիկյան արկերի հարվածից վնասվել է հանքային ջրերի արտադրության գործարանը։

Իրանն իր հերթին հայտնել է տարածաշրջանում տեղակայված ամերիկյան օբյեկտներին հարվածելու մասին։ IRIB պետական հեռարձակող ընկերությունը հայտարարել է, որ իրանական ուժերն անօդաչուներ են արձակել Հորդանանի Ազրաք ավիաբազայի ուղղությամբ։ Հորդանանն իր հերթին հայտարարել է, որ խոցել է Իրանից արձակված երեք հրթիռ։

Բացի այդ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ թիրախավորել է Բահրեյնում ԱՄՆ 5-րդ նավատորմին պատկանող հրամանատարական, լոգիստիկ, վառելիքի և ռազմական սարքավորումների օբյեկտներ։ Բացի այդ, ըստ ԻՀՊԿ-ի, ոչնչացվել են Քուվեյթի Մինա Աբդուլլա արդյունաբերական կենտրոնում գտնվող ամերիկյան ռազմական լոգիստիկայի և աջակցության վայրերը։

Քուվեյթն իր հերթին հայտնել է իրանական ԱԹՍ-ներ խոցելու մասին։ Ըստ Քուվեյթի պետական լրատվական գործակալության՝ հարվածների վայրերից մեկում հրդեհ է բռնկվել, որը մարվել է։ Բահրեյնում էլ տագնապի ահազանգեր են հնչել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում