Եվրոպա

ԲՏԱ փոխնախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության նորաստեղծ առաքելության պատվիրակությանը

6 րոպեի ընթերցում

ԲՏԱ փոխնախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության նորաստեղծ առաքելության պատվիրակությանը

ԲՏԱ փոխնախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության նորաստեղծ առաքելության պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Բրյուսելից ժամանած Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (EEAS) Քաղաքացիական գործողությունների շտաբի գործադիր տնօրեն Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից՝ մանրամասնելով, որ պատվիրակության կազմում են եղել Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության (EUPM Armenia/ԵՄԳԱ Հայաստան) ղեկավար Կոսմին Ջորջ Դինեսկուն, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և ԵՄԳԱ Հայաստանի այլ ներկայացուցիչներ։

Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Մանթաշյանը շնորհավորել է Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (ԸԱՊՔ) ներքո Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության պաշտոնական մեկնարկի առթիվ՝ նշելով, որ բարձր է գնահատում Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված գործընկերությունը և կարևորում է առաքելության գործունեությունը՝ ուղղված Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը։

Նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում եվրոպական կողմը ներկայացրել է առաքելության առաջնահերթությունները և գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ այն միտված է աջակցելու Հայաստանի պետական կառույցներին՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում։

Նշվել է, որ առաքելությունը նախատեսում է տրամադրել ռազմավարական և գործառնական խորհրդատվություն, իրականացնել փորձագիտական գնահատումներ, վերապատրաստումներ և տեխնիկական աջակցության ծրագրեր՝ նպաստելով պետական կառույցների արդյունավետության և պատրաստվածության բարձրացմանը։ Քննարկվել են նաև ԵՄ անդամ պետությունների փորձի փոխանակման, մասնագիտական համագործակցության և Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում։

Հաղորդվում է, որ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ ուղղված թվային հասարակության և տնտեսության ձևավորմանը, վստահելի տեղեկատվական համակարգերի զարգացմանը, կիբեռանվտանգության ամրապնդմանը և ոլորտի քաղաքականությունների կատարելագործմանը։ Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին, օրենսդրական բարեփոխումներին, պետական կառավարման համակարգում արհեստական բանականության կիրառման ուղղություններին և դրա ներուժին՝ կիբեռանվտանգության կարողությունների զարգացման համատեքստում։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը փոխանակել են տեսակետներ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝  Հայաստանի թվային և կիբեռանվտանգության ոլորտների զարգացման, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման և համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։

Եվրոպական միության գործընկերության առաքելության պաշտոնական մեկնարկը տրվել է հուլիսի 13-ին։

Առաքելությունը պաշտոնապես ստեղծվել է 2026 թվականի ապրիլի 21-ին՝ աջակցելու հիբրիդային մարտահրավերներին դիմակայելու Հայաստանի կարողություններին՝ ներառյալ կիբեռսպառնալիքներին, օտարերկրյա տեղեկատվության շահարկումներին ու միջամտությանը (FIMI), ապօրինի ֆինանսական հոսքերի վերահսկողությանը:  

Մասնավորապես, առաքելությունը Հայաստանի ազգային տարբեր հաստատություններին կտրամադրի ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձաքննություն և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում` նման սպառնալիքներին դիմակայելու համար:  

Բացի այդ, առաքելությունը կտրամադրի գործնական, գործառնական խորհրդատվություն և կստեղծի հատուկ նախագծային բջիջ՝ իր մանդատով նախատեսված՝ նպատակային գործողություններ իրականացնելու համար՝ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:

Նշվում է, որ EUPM-ն Հայաստանում գործելու է որպես ոչ գործադիր առաքելություն և որևէ դերակատարում չի ունենա Հայաստանի իշխանությունների որոշումների կայացման գործընթացներում։

Առաքելությունը կղեկավարի Կոսմին Ջորջ Դինեսկուն, որն այս պաշտոնում նշանակվել է 2026 թվականի հունիսի 11-ին: Նախկինում նա ծառայել է որպես Մոլդովայի Հանրապետությունում ԵՄ գործընկերության առաքելության առաջին ղեկավար։

Եվրոպական խորհուրդը ընդգծում է, որ նոր գործընկերային առաքելությունն արդեն երկրորդն է Հայաստանում՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում 2023 թվականից գործում է նաև Եվրոպական միության դիտորդական առաքելությունը՝ պարեկություններ անելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ նոր առաքելությունն առանձնացված է դիտորդական առաքելությունից և որևէ կապ չունի վերջինիս գործունեության հետ։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում