Ուրախ եմ ներկայացնել շանսոնյեի ժառանգությունը. «Ազնավուրի ձայնը»՝ Տիտիանոն՝ Հայաստանի, համերգների, անելիքների մասին
9 րոպեի ընթերցում
Ֆրանսիացի երիտասարդ երգիչ Տիտիանոն շատ վաղ տարիքից է բացահայտել, որ կարող է երգել մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերն այնպես, որ անգամ Ազնավուրի մեծ երկրպագուները դժվարությամբ տարբերեն նրանց ձայները։ Ինչպես ժամանակին Ազնավուրը, այնպես էլ Տիտիանոն ստիպված է եղել շատ աշխատել, տարբեր դռներ թակել ըստ արժանվույն գնահատվելու համար։ Այսօր նրան ճանաչում են որպես «Ազնավուրի ձայնը»։ Երգիչը յուրահատուկ մոտեցմամբ, մեծ պատասխանատվությամբ ու սիրով է երգում Ազնավուրի հիթերը՝ երիտասարդացնելով դրանք։ Պատրաստվում է սեփական երգերը թողարկել՝ հույսով, որ այդ գործերը ևս կսիրվեն։
Տիտիանոն հաճախ է այցելում Երևան։ Օրերս նա կրկին եկել էր Հայաստան՝ մարզերում համերգներով հանդես գալու նպատակով։
«Արմենպրես»-ի թղթակիցը բաց չի թողել արտիստի հետ հանդիպելու, նրա հետ զրուցելու հնարավորությունը։
-Ե՛վ Ֆրանսիայում, և՛ Հայաստանում Ձեզ ճանաչում են որպես «Ազնավուրի ձայնը»։ Ե՞րբ բացահայտեցիք, որ կարող եք երգել շանսոնյեի պես։
-Փոքր տարիքից. բայց մի օր սոցիալական ցանցում կատարումներիցս մեկը հրապարակեցի, և մի մարդ ինձ ասաց. «Դու ունես Շառլ Ազնավուրի ձայնի տեմբրը, դու պետք է երգես»։ Եվ ես փորձեցի. Hier encore երգը տեղադրեցի «Տիկտոկ»-ում։ Այն ասես պայթյուն առաջացրեց։ Մի քանի օրում տեսանյութը մեկ միլիոն դիտում ունեցավ, ինչից հետո, ինչպես Ֆրանսիայում են ասում, ես «ազնավուրացա»։ Միայն Ազնավուր էի երգում։
-Որքանով տեղյակ եմ Ձեր ընտանիքի անդամներն են շատ լսել Ազնավուրի երգերը։ Կարո՞ղ ենք ասել, որ նաև դրանով է պայմանավորված Ձեր սերը նրա հանդեպ։
-Իմ ընտանիքում բոլորը սիրում են Շառլ Ազնավուրին՝ տատիկ-պապիկներս, ծնողներս, հորեղբայրներս, մորաքույրներս։ Մեծացել եմ Ազնավուրի երաժշտությամբ։ Իմ պատանեկությունն ու երիտասարդությունն են անցել նրա երաժշտությամբ։ Ցավոք, հայրս այս ճանապարհին ինձ այնքան էլ չի օգնել, բայց մայրս և քույրս միշտ քաջալերել են ինձ, հորդորել զբաղվել իմ սիրած գործով։
-Ազնավուրի երգերը չափազանց անկեղծ են, զգացմունքային են, ինչի շնորհիվ նա կարողացավ հասնել մարդկանց հոգիներին, սրտերին։ Նրա ո՞ր երգն է հատկապես առանձնահատուկ է Ձեզ համար։
-Ազնավուրն իսկական պոետ է, բանաստեղծ, սակայն ինձ հատկապես դուր է գալիս Hier encore երգը, գուցե այն պատճառով, որ այն է ինձ հաջողություն, ճանաչում բերել։ Որքան մեծանում եմ, այնքան ավելի եմ հասկանում այն, որովհետև 20 տարեկան լինելն արդեն հիշողություն է։
-Ազնավուրը փառքի գագաթին էր, երբ գրեց «Դեռ երեկ» ստեղծագործությունը։ Նրա մասին ֆիլմում կա այդ դրվագը, երբ Ազնավուրն ասում է՝ հասել է մի կետի, որ կարծես թե ամեն ինչ ունի և իր համար դժվար է այդպես ապրել, քանի որ սիրում է պայքարել։ Զարմանալի է, որ հենց այդ ապրված երգն է Ձերը...
-Այո, իսկապես։ Սիրում եմ հին ֆրանսիական երգերը։ Կարծում եմ՝ դրանք հոգի ունեն՝ հատկապես Hier encore-ը։ Ինձ համար դա ստեղծագործություն է, որը կդիմանա ժամանակի փորձություններին։ Հիմա էլ ենք դա տեսնում․ երիտասարդները սիրում են այն, և ես շատ ուրախ եմ, որ կարող եմ ներկայացնել այդ ժառանգությունը, լինել դրա շարունակողը։
-Նախքան համաշխարհային բեմեր նվաճելն Ազնավուրը ստիպված եղավ անցնել մի շարք փորձությունների միջով։ Դուք ի՞նչ խնդիրների եք բախվում։
- Շառլ Ազնավուրը պայքարող մարդ էր և ուշ հասավ հաջողության։ Կարելի է ասել՝ ես ևս բարդ իրավիճակներում եմ հայտնվել։ Ավելի քան 10 տարի է՝ փորձում եմ երգել։ Բանակ եմ գնացել, երբ 19 տարեկան էի, բանակից անմիջապես հետո որոշեցի երգիչ դառնալ, ուստի ամեն ինչ արեցի դրա համար․ երգում էի, տարբեր տեսանյութեր նկարահանում, հանդիպում մարդկանց, որոնք հեռուստատեսությամբ էին զբաղվում։ Դա ամենօրյա ծանր աշխատանք էր։
Եվ հիմա վերջապես կամաց-կամաց հասնում եմ իմ նպատակին, ուստի շատ ուրախ եմ, որ չեմ հանձնվել և շարունակել եմ հավատալ ինքս ինձ և իմ երազանքին։
-Առաջին անգամ երկու տարի առաջ եք Հայաստանում մենահամերգով հանդես եկել։ Կպատմե՞ք, թե ինչպես տեղի ունեցավ Ձեր համագործակցությունը մեր երկրի, մեր նվագախմբի հետ։
-Երբ առաջին անգամ եկա Հայաստան, մի քիչ մտահոգված, լարված էի, քանի որ Հայաստանը չէի ճանաչում։ Հայաստանի մասին միայն Շառլ Ազնավուրի շնորհիվ էի լսել։ Գիտեի, որ այն Ֆրանսիայից հեռու է, Ռուսաստանի մոտ է։ Ընտանիքս ևս վախենում էր ինձ համար։ Ասում էին՝ ուր ես գնում մենակ և այլն։ Եկա այստեղ և հաճելիորեն զարմացա ձեր ընդունելությունից, ջերմ վերաբերմունքից, սիրուց ձեր երկրի, Ազնավուրի հանդեպ։ Ամեն ինչ շատ լավ անցավ թե՛ նվագախմբի, թե՛ երաժիշտների, ամբողջ թիմի հետ, մենեջեր Մարիայի հետ։ Հիմա նրա շնորհիվ եմ այստեղ։ Իրոք չէի մտածում, որ կսիրահարվեմ ձեր երկրին։
-Այս տարիներին անգամ փորձել եք ապրել Հայաստանում, ինչպես մեր զրույցի սկզբում հասկացանք նաև սովորել եք հայերեն։ Հատկապես ի՞նչն եք սիրում մեր երկրում, քաղաքում։
-Ձմռանն այստեղ շատ ցուրտ է, բայց ինձ միևնույն է դուր է գալիս այստեղ լինելը, որովհետև հայերը շատ ջերմ են, և դա փոխհատուցում է ցուրտը, եղանակը։ Ձեր երկրում շատ բան եմ գնահատում, բայց ամենաշատը սիրում եմ ձեր հյուրասիրությունը, հյուրընկալությունը, մշակույթը և ձեր սերը հատկապես հայերի հանդեպ, ձեր ժողովրդի հանդեպ, ձեր հպարտությունն ու հպարտանալու կարողությունը։ Օրինակ եմ վերցնում ձեզնից։
-Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար։ Իսկ ինչպե՞ս ծնվեց Հայաստանի մարզերում հանդես գալու գաղափարը։
-Իսկապես ուզում եմ ավելի լավ ճանաչել ձեր երկիրը։ Երևանն ամբողջ Հայաստանը չէ։ Ինձ համար կարևոր է բացահայտել ձեր բոլոր մարզերը, մարզային մշակույթը, ուտեստները, ապրելակերպը։ Ուզում եմ այդ ամենը տեսնել իմ աչքերով, որովհետև կարծում եմ՝ դա շատ գեղեցիկ է։ Եղել եմ գեղեցիկ քաղաքներում՝ Կապանում, Գորիսում։ Սյունիքը եզակի մարզ է։ Մարզերում հավանաբար հաճախ չէ, որ Ազնավուրի ձայնն է հնչում։ Ցանկանում եմ՝ մարզերի բնակիչներն ապրեն այդ զգացողությունները։
-Հույս ունեմ, որ մարզերում Ձեզ նույնքան ջերմ կընդունեն, որքան Երևանի հանդիսատեսը։ Ազնավուրի գործերից բացի ի՞նչ այլ երգեր կհնչեն։ Հիշում եմ՝ Ձեր նախորդ համերգին հայերեն երգեցիք։
-Շատ շնորհակալ եմ, որ ներկա եք եղել իմ համերգին։ Հույս ունեմ՝ Ձեզ դուր է եկել։ Ինչպես ավելի վաղ ասացի հայերեն եմ սովորում, սովորում եմ նաև հայկական երգեր՝ «Խենթ աղջիկ», «Հայի աչեր» և այլն։ Նախատեսել եմ ստեղծել հայերեն երգ Երևանի մասին, ուստի սպասում եմ ճիշտ պահին, բայց դա անակնկալ է լինելու։ Այս շրջագայությունների ընթացքում հնարավորություն ունեմ համագործակցել Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի դիրիժորն Արմեն Կարճյանն է։ Ինձ համար սա անհավանական հնարավորություն է մարզերում ճանաչելի դառնալ, եզակի փորձ ունենալ՝ աշխատելով պրոֆեսիոնալների հետ։
-Հետաքրքիր է Ձեր համագործակցությունն Ազնավուրի դաշնակահար, նրա նվագախմբի ղեկավար Էրիկ Ուիլմսի հետ։ Համատեղ ալբոմ եք պատրաստում։ Ի՞նչ ստեղծագործություններ են ներառվելու սկավառակում։
-Էրիկ Ուիլմսը 25 տարի եղել է Շառլ Ազնավուրի դաշնակահարն ու դիրիժորը։
Նա առաջիններից էր, ով մասնագիտական առումով գնահատեց իմ տաղանդը։ Նրա հետ շարունակական համագործակցության արդյունքում ստեղծելու ենք ալբոմ՝ Շառլ Ազնավուրի ոճով, որովհետև դա ամենաշատն է համապատասխանում ինձ։ Հույս ունեմ, որ մարդիկ այն կընդունեն այնպես, ինչպես ազնավուրյան կատարումներս։
-Իսկ ե՞րբ սպասենք Ձեր երևանյան համերգին։
-Հնարավորություն ունեմ սերտ աշխատել Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Կարծում եմ՝ շատ շուտով ևս մեկ մեծ համերգ կկազմակերպվի, այս անգամ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում։
-Եվս մեկ անգամ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Լեփ-լեցուն դահլիճներ եմ մաղթում և միայն վերելքներ։
-Շնորհակալ եմ։