Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի շուրջ իր աշխատանքը

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվում են սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, իսկ ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցման իր բաժինը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

«Սահմանազատման և սահմանագծման գործընթացի համար ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ, որոնք շարունակաբար աշխատում են։ Մենք արդեն տեսել ենք այդ աշխատանքի առաջին դրական արդյունքները. սահմանազատվել է պետական սահմանի շուրջ 13 կիլոմետր հատված»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Բայրամովն ընդգծել է՝ կողմերի միջև ձեռք են բերվել նաև մի շարք պայմանավորվածություններ, որոնց համաձայն` սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ ուղղությամբ, իսկ անկլավային գյուղերին առնչվող հարցերը կստանան իրենց լուծումը։

Միաժամանակ Ադրբեջանի արտգործնախարարը կրկնել է Բաքվի դիրքորոշումը, ըստ որի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել, Բաքվի գնահատմամբ, Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջներ պարունակող դրույթները»։

Բայրամովը նաև անդրադարձել է ճանապարհային և երկաթուղային նախագծերին՝ նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Նրա խոսքով՝ 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը եղել է Հայաստանի տարածքով անցնող հատվածի շուրջ պայմանավորվածությունը, որին աջակցում է նաև Միացյալ Նահանգները։

«Այս ուղղությամբ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Միևնույն ժամանակ TRIPP նախագծի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում։ ԱՄՆ-ից մեր գործընկերները մեզ տեղեկացնում են, որ գործընթացը շարունակվում է, և ներկայումս նախապատրաստվում են համապատասխան փաստաթղթերը»,- ասել է Բայրամովը։

Հայերեն Español فارسی 中文