Մարզեր

Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է նոր պայմանագիր

3 րոպեի ընթերցում

Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է նոր պայմանագիր

Գյումրիում «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի շինարարական աշխատանքներն իրականացվում են նոր կապալառուի կողմից։ Մարզահամալիրի շինարարությունը դադարեցվել էր աշխատանքներում առկա թերությունների, նախագծային խախտումների և ժամկետների հետ կապված խնդիրների պատճառով։ Նախորդ կապալառուի հետ պայմանագիրը լուծվել է, և 2026 թվականի առաջին կիսամյակում «Բաղրամյանշին» ընկերության հետ կնքվել է նոր պայմանագիր։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյան այցելել է նոր սպորտային համալիրի շինհրապարակ։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ «Բաղրամյանշին» ընկերության տնօրենի հետ մարզպետը քննարկել է նոր թափ ստացած շինարարական աշխատանքների ընթացքին, առաջիկա անելիքներին և նախատեսված ծավալների ապահովմանն առնչվող հարցեր։

Նոր կապալառուն մարզպետին հայտնել է, որ նախնական նախագիծը վերանայվել է՝ փոփոխություններ են կատարվել հատկապես միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով։

«Մեզ համար առաջնայինը ոչ միայն շինարարության արագ ընթացքն է, այլև դրա բարձր որակը։ Կառուցվում է մարզական համալիր, որը երկար տարիներ պետք է ծառայի մեր մարզիկներին, հյուրընկալի միջազգային մրցաշարեր և դառնա Շիրակի մարզի այցեքարտերից մեկը։ Հաշվի առնելով նախորդ շինարարի կատարած աշխատանքն ու այսպիսի կարևոր մարզահամալիրի շինարարության ձգձգումները՝ մենք անելու ենք հնարավորը, որ բացթողումներ այլևս չլինեն։ Հետևողական ենք լինելու, որպեսզի յուրաքանչյուր աշխատանք իրականացվի պատշաճ կերպով։ Պետական միջոցների նպատակային ծախսումը եղել և մնում է առաջնային մեզ համար»,-ընդգծել է Դավիթ Առուշանյանը։

Շինարարական կազմակերպությունը պարտավորվում է առաջիկա երկու տարվա ընթացքում կառուցել բազմաֆունկցիոնալ, միջազգային չափանիշներին համապատասխան համալիր։ Այն կունենա ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության դահլիճներ, ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված և մարզիկների համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ՝ հնարավորություն ընձեռելով հյուրընկալել աշխարհի և Եվրոպայի տարբեր առաջնություններ։

Համալիրի կառուցման նախագծային աշխատանքներն ու հանրային քննարկումները մեկնարկել էին դեռևս 2019-2020 թվականներին, որից հետո՝ 2021 թվականին, Կառավարության որոշմամբ հատկացված միջոցներով տրվեց բուն շինարարության մեկնարկը։ Չնայած ի հայտ եկած նախագծային խնդիրների պատճառով աշխատանքները որոշ ժամանակով դադարեցվել էին, 2026 թվականի մայիսին նոր կապալառուի հետ կնքված պայմանագրով ազդարարվեց համալիրի կառուցման պաշտոնական վերամեկնարկը, և աշխատանքներն այժմ մտել են ակտիվ փուլ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում