Քուվեյթում իրանական հարվածներից էլեկտրահաղորդման գծեր են վնասվել
1 րոպեի ընթերցում

Քուվեյթը հայտարարել է, որ հուլիսի 8-ի գիշերը տեղի ունեցած իրանական հարձակումների ժամանակ բեկորներից վնասվել են էլեկտրահաղորդման գծեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Քուվեյթի էլեկտրաէներգիայի նախարարությանը։
Գերատեսչությունը նշել է, որ էլեկտրամատակարարումը չի խափանվել՝ հավելելով, որ արտակարգ իրավիճակների խմբերը սկսել են գնահատել վնասը և իրականացնել վերանորոգումներ՝ անվտանգության մարմինների հետ համակարգված։
Առավոտյան ավելի վաղ նախարարությունը հայտարարել էր, որ էլեկտրականությունը վերականգնվել է բոլոր բնակելի թաղամասերում, որոնք տուժել են մի շարք վերգետնյա գծերի անջատման հետևանքով։
Ամերիկյան ուժերը հուլիսի 8-ի գիշերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող շուրջ 80 թիրախի՝ ի պատասխան օրերս Հորմուզի նեղուցում 3 նավի թիրախավորման։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել՝ թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան 85 ռազմական օբյեկտ։ ԱՄՆ-ն նաև չեղարկել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցների մեղմացումը։
Թիրախավորված նավերից մեկը պատկանել է Սաուդյան Արաբիային։ Սաուդյան Bahri ընկերությունը հայտարարել է, որ անձնակազմը չի տուժել, նավը և բեռը չեն վնասվել։