3 րոպեի ընթերցում
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ հայտարարելով, որ դա անում է՝ ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող երեք առևտրային նավի թիրախավորման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։
Ըստ հաղորդագրության՝ ճշգրիտ զենքերով հարվածներ են հասցվել ավելի քան 80 թիրախի։
«ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին, հրամանատարական և վերահսկողական ցանցերին, ափամերձ ռադարային կայաններին, հականավային հրթիռային հնարավորություններին և նեղուցում և դրա մոտակայքում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավելի քան 60 փոքր նավակների՝ միջազգային առևտրային միջանցքով անցնող միջազգային առևտրի վրա հարձակումները շարունակելու Իրանի կարողությունը նվազեցնելու համար», - գրված է X-ում տարածված հաղորդագրության մեջ։
Կենտրոնական հրամանատարությունը շեշտում է, որ օրերս Իրանը հարվածել է Մարշալյան կղզիների, Սաուդյան Արաբիայի և Լիբերիայի դրոշներով նավարկող երեք նավի, ինչը «հրադադարի ակնհայտ և վտանգավոր խախտում է և խաթարում է նավագնացության ազատությունը»։ Հրամանատարությունը շեշտում է, որ կմնա դիրքում և պատրաստ է Իրանին «պատասխանատվության ենթարկել», երբ համաձայնագրի պայմանները չեն պահպանվում։
Ըստ Իրանի պետական հեռուստաընկերության՝ Սիրիկ նավահանգստային քաղաքում հարվածների հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է, զոհեր չկան։ Նաև պայթյուններ են արձանագրվել Խարգ կղզում։
Իրանն իր հերթին հայտարարել է, որ հարվածել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան 85 ռազմական օբյեկտի։ Ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ ռազմածովային և օդատիեզերական ուժերը հարվածները հասցրել են անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։ Թիրախավորվել է Բահրեյնի հինգերորդ ռազմածովային շրջանը և Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազան։ ԻՀՊԿ-ն հավելել է, որ խոցել է ամերիկյան MQ9 ԱԹՍ։
Քուվեյթը հայտարարել է, որ ենթարկվում է հրթիռների և անօդաչուների հարձակման, և ՀՕՊ համակարգերը հակազդում են դրան։ Բահրեյնը նույնպես հայտարարել է, որ ենթարկվում է հարվածների, և բնակիչներին կոչ է արել պատսպարվել։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն X-ում գրառման մեջ ԱՄՆ-ին մեղադրել է հունիսի 18-ի գիշերը կնքված փոխըմբռնման հուշագրի «լուրջ խախտումների» համար, որոնք ներառում են «Իրանի կողմից Հորմուզի նեղուցում կառավարման խախտումներ, հետագա հարվածների շարունակական սպառնալիքներ, նավթային պատժամիջոցների վերականգնում, Իրանի հարավին հարվածներ, ինչպես նաև Լիբանանի դեմ սիոնիստական շարունակական ագրեսիա»։ Ղալիբաֆը շեշտել է, որ Իրանը չի խոնարհվում։