7 րոպեի ընթերցում
Տեղեկատվության հրապարակման ընթացքում առաջնային պետք է լինի լավագույն շահի սկզբունքի պահպանումը։ Հանրությանը տեղեկացնելու անհրաժեշտությունը յուրաքանչյուր դեպքում պետք է հավասարակշռվի անձնական կյանքի պաշտպանության, հնարավոր հետևանքների գնահատման և չվնասելու սկզբունքի հետ՝ բացառելով այնպիսի հրապարակումներ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ իրավունքների և արժանապատվության վրա։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանն ընդգծել է, որ երեխայի մասին յուրաքանչյուր հրապարակման հիմքում պետք է լինի նրա իրավունքների պաշտպանությունը, արժանապատվության պահպանումը և լավագույն շահի առաջնահերթությունը։ Հանրային հետաքրքրությունը չի կարող գերակայել երեխայի անվտանգությանն ու անձնական կյանքի պաշտպանությանը, քանի որ երեխային վերաբերող տեղեկատվության տարածումը պահանջում է առավելագույն պատասխանատվություն։
Երբ երեխայի վերաբերյալ որևէ լուսաբանում է իրականացվում, մի կողմից կա հանրությանը տեղեկացված պահելու անհրաժեշտություն, մյուս կողմից՝ պետք է գնահատվի երեխայի շահը։ Յուրաքանչյուր անհատական դեպք պետք է ուսումնասիրվի՝ հասկանալու համար, թե արդյոք տեղեկատվության հրապարակումը չի վնասի երեխային, չի խախտի նրա անձնական կյանքի կամ անձնական տվյալների պաշտպանության իրավունքը։
Նրա խոսքով՝ երեխայի անձնական տվյալների պաշտպանությունը չի սահմանափակվում միայն անուն, ազգանուն կամ բնակության վայր չհրապարակելով։ Հատկապես փոքր համայնքներում նույնիսկ մեկ լրացուցիչ հանգամանք կարող է բավարար լինել երեխային նույնականացնելու համար։
«Անձնական տվյալներ ասելով՝ պետք է հասկանալ երեխայի վերաբերյալ ցանկացած տեղեկություն, որը հրապարակվելու դեպքում կարող է ազդեցություն ունենալ նրա կյանքի, անվտանգության կամ հոգեբանական վիճակի վրա։ Երբեմն առաջին հայացքից ոչ էական թվացող հանգամանքը կարող է հանգեցնել երեխայի նույնականացմանը»,- նշել է Աղաջանյանը։
Երեխաներին վերաբերող հարցերը հաճախ ունեն զգայուն առանձնահատկություններ, հետևաբար յուրաքանչյուր դեպք անհրաժեշտ է գնահատել անհատական մոտեցմամբ։ Կարևոր է հասկանալ՝ արդյոք հրապարակվող տեղեկատվությունը կարող է անդրադառնալ երեխայի հոգեբանական վիճակի, սոցիալական միջավայրի կամ հետագա կյանքի վրա։
Հանրային հաղորդակցության ընթացքում անհրաժեշտ է պահպանել համաչափության սկզբունքը՝ հասարակությանը տրամադրելով անհրաժեշտ և հանրային նշանակություն ունեցող տեղեկատվությունը, սակայն բացառելով այնպիսի մանրամասների հրապարակումը, որոնք կարող են վնասել երեխային։
Թվային միջավայրի զարգացումը ևս նոր մարտահրավերներ է ստեղծել երեխաների անձնական կյանքի պաշտպանության ոլորտում։ Լուսանկարները, տեսանյութերը կամ այլ հրապարակված տվյալներ կարող են երկար ժամանակ հասանելի մնալ և տարիներ անց ունենալ այնպիսի ազդեցություն, որը հրապարակման պահին հնարավոր չէր կանխատեսել։
Շատ կարևոր է բարձրացնել երեխաների, ծնողների և երեխաների հետ աշխատող մասնագետների իրազեկվածությունը, քանի որ թվային միջավայրում հասանելի դարձած ցանկացած տեղեկություն կարող է ունենալ երկարաժամկետ ազդեցություն։ Անհրաժեշտ է հասկանալ, թե հրապարակված տվյալը հետագայում ինչպիսի հետևանք կարող է ունենալ երեխայի համար։
Լրագրողները և պետական մարմինները երեխաների մասին տեղեկատվություն հրապարակելիս պետք է առաջնորդվեն երեխային չվնասելու և նրա լավագույն շահը պահպանելու սկզբունքներով։ Հատկապես զգայուն թեմաների՝ բռնության դեպքերի, երեխայի խոցելի իրավիճակների կամ խնամքի այլընտրանքային ձևերի լուսաբանման ժամանակ առաջնային պետք է լինի ոչ թե պատմության առավել ազդեցիկ ներկայացումը, այլ երեխայի իրավունքների պաշտպանությունը։
Երեխայի նկատմամբ բռնության դեպքերի լուսաբանման ժամանակ հանրությանը տեղեկացնելու նպատակը չի պահանջում բացահայտել երեխայի ինքնությունը, բնակության վայրը կամ այլ տվյալներ, որոնք կարող են հանգեցնել նրա ճանաչմանը։ Կարևոր է բարձրաձայնել խնդիրը՝ առանց կոնկրետ երեխային լրացուցիչ ռիսկերի ենթարկելու։
Նույնիսկ դրական համատեքստում իրականացվող հրապարակումները պետք է համապատասխանեն երեխայի լավագույն շահի սկզբունքին։ Երեխայի մասնակցությունը որևէ միջոցառման, նրա կյանքի որևէ դրվագի ներկայացումը կամ հանրային ուշադրության կենտրոնում հայտնվելը պետք է գնահատվի՝ հաշվի առնելով երեխայի ցանկությունը, անվտանգությունն ու հնարավոր ազդեցությունները։
Երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ իրազեկման աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն իրականացնում է երեխաների հետ հանդիպումներ, կազմակերպում վերապատրաստումներ և իրականացնում ծրագրեր՝ նպաստելով երեխաների իրավունքների վերաբերյալ գիտելիքների տարածմանը։
Իրազեկման նախաձեռնությունների շրջանակում տարբեր մարզերում և Երևանում երեխաներին ներկայացվում են իրենց իրավունքներն ու պաշտպանության հնարավորությունները։ Գործում է նաև երեխայի իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհուրդ, որի կազմում ընդգրկված են տարբեր տարիքային խմբերի երեխաներ Հայաստանի տարբեր համայնքներից։ Նրանք հնարավորություն ունեն բարձրաձայնելու իրենց մտահոգությունները և մասնակցելու երեխաների իրավունքներին վերաբերող քննարկումներին։
Զգայուն և որակյալ հանրային հաղորդակցության ձևավորման գործում կարևոր դեր ունեն նաև մասնագիտական ուղեցույցներն ու վերապատրաստումները։ Դրանց կիրառումը հնարավորություն է տալիս լրագրողներին, պետական կառույցների ներկայացուցիչներին և երեխաների հետ աշխատող անձանց ավելի լավ հասկանալ երեխայի իրավունքների պաշտպանության չափանիշները և դրանք կիրառել գործնականում։
Երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը հնարավոր է միայն համագործակցության միջոցով։
«Մեդիայի, պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների համակարգված աշխատանքը պետք է ուղղված լինի նրան, որ երեխային վերաբերող յուրաքանչյուր հրապարակման կենտրոնում լինի ոչ միայն հանրային տեղեկացվածությունը, այլ առաջին հերթին՝ երեխայի լավագույն շահը»,- ասել է Լիլիթ Աղաջանյանը:
Լուսինե Ջալալյան