Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպումներ կունենա համաշխարհային առաջնորդների հետ
3 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպումներ կանցկացնի դաշինքի անդամ երկրների և միջազգային կառույցների ղեկավարների հետ։ Գագաթնաժողովին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների 32 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, շուրջ 100 նախարարներ, բարձրաստիճան դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Հուլիսի 7-8-ը Անկարայում անցկացվող գագաթնաժողովի ընթացքում Էրդողանը նախագահական համալիրում կընդունի ՆԱՏՕ-ի անդամ 32 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին։ Հանդիպումների մասնակիցների թվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Սլովակիայի, Բուլղարիայի նախագահները, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի, Ալբանիայի, Չեռնոգորիայի վարչապետները, Գերմանիայի կանցլերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և այլք։
Հուլիսի 7-ին Էրդողանը առանձնազրույց կունենա ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, որից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիս։ Նույն օրը երեկոյան Թուրքիայի նախագահը և նրա կինը նախագահական համալիրում պաշտոնական ընթրիքին կհյուրընկալեն գագաթնաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարներին։
Գագաթնաժողովի երկրորդ օրը՝ հուլիսի 8-ին, Էրդողանը կընդունի առաջնորդներին միջոցառման անցկացման վայրում, որից հետո կկազմակերպվի ավանդական խմբային լուսանկարահանումը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի բացման խոսքից հետո ելույթներով հանդես կգան տարբեր երկրների առաջնորդները։ Գագաթնաժողովի ավարտին Էրդողանը, Թրամփը և մի շարք այլ երկրների ղեկավարներ առանձին մամուլի ասուլիսներ կանցկացնեն «Բեշթեփե Միլլեթ» ցուցասրահում։
Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել պաշտպանական ներդրումների ավելացման վերաբերյալ նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքը, դաշինքի զսպման և պաշտպանության քաղաքականությունը, ինչպես նաև եվրատլանտյան տարածաշրջանի առջև ծառացած սպառնալիքները, ռիսկերը և մարտահրավերները։
Օրակարգում ընդգրկված են նաև Ուկրաինայի շուրջ իրավիճակը և դաշինքի հարավային թևում տեղի ունեցող վերջին զարգացումները։